Ուրբաթ, 14 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ներսից թշնամի ստեղծելու» մղումը Փաշինյանի քաղաքական վարքի բնութագրիչն է»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Ներսից թշնամի ստեղծելու» մղումը Փաշինյանի քաղաքական վարքի բնութագրիչն է»․ Վլադիմիր Մարտիրոսյան
141
Այսօր, 18:24

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանին թշնամացման օբյեկտներ և սուբյեկտներ են պետք, առանց «թշնամի» նրա քաղաքական գոյությունը զրոյանում է: Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսները պահանջում են առավել խորքային դիտարկում, բացատրություն և հանրայինացում: Ուստի անհրաժեշտ է բացել դրանց ներքին տրամաբանությունը, ուժային դինամիկան և ինստիտուցիոնալ արմատները՝ հասկանալու համար իրական նպատակը, շարժառիթները և ազդեցությունները հանրային կյանքի վրա։
Երեկ ԱԺ-ում Փաշինյանը պաշտոնապես հաստատեց այն, ինչ տևական ժամանակ է իմ վերլուծականներում ես ֆիքսում եմ: Նա անոնսեց ներազգային թշնամանքի ինստիտուցիոնալացումը՝ որպես իշխանության պահպանման մեխանիզմ: «Ներսից թշնամի ստեղծելու» մղումը հանդիսանում է Փաշինյանի քաղաքական վարքի ամենաօրգանական բնութագրիչը՝ արդեն ոչ թե քաղաքական մրցակցության, այլ իշխանության պահպանման հոգեբանական և ավտորիտար մեխանիզմի տեսանկյունից։
Փաստացի մենք լսեցինք «ներազգային թշնամանքի ինստիտուցիոնալացումը՝ որպես իշխանության պահպանման մեխանիզմ և քաղաքական ընդդիմությունը որպես թշնամի ոչ թե մրցակից» նախընտրական ծրագրի անոնսը: Փաշինյանը ձևավորել է նոր քաղաքական բազիս՝ թշնամանքի հենքով հավաքագրված հանրություն, որտեղ հասարակության մեջ իշխանությանը սատարելը չափվում է ոչ թե արժեքային կամ գաղափարական համաձայնությամբ, այլ հակառակ կողմի հանդեպ ատելության աստիճանով։
Փաշինյանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ «երկրորդ և երրորդ նախագահների ուժերը չպետք է լինեն խորհրդարանում, պահը հասունացել է»,
որևէ կերպ չի տեղավորվում ժողովրդավարական մրցակցության տրամաբանության մեջ։ Այն ունի այլ որակ՝ դա իշխանության կողմից հասարակության բևեռացման և ներքին թշնամու կոնստրուկցիայի գործիքավորում է։
Այսպիսի հռետորաբանությամբ վարչապետը վերացնում է քաղաքական մրցակցությունը՝ այն փոխարինելով խորհրդարանական մոնոպոլիայի պահանջով, այսինքն՝ ոչ թե վեճ է առաջարկում գաղափարների շուրջ, այլ
գաղափարական և ֆիզիկական մաքրազերծում՝ քաղաքական դաշտից այն ուժերի, որոնք հիշեցնում են անցյալը, հակակշիռը կամ այլընտրանքը: Նա իրեն կարգում է քաղաքական տարածքի մաքրող, ով ինքն իրեն վեր դասելով արդարության կամ ժողովրդի անունից՝ սահմանում է, թե ով կարող է և ով չի կարող մասնակցել քաղաքական գործընթացին։
Վոլյունտարիզմը՝ որպես քաղաքական մտածողության մոդել գործի է դրված:
«Պահը հասունացել է» ձևակերպումը բացահայտում է վոլյունտարիստական, այսինքն՝ կամայական, ոչ ինստիտուցիոնալ մոտեցում։ Այս տրամաբանությամբ քաղաքական գործընթացները այլևս չեն ենթարկվում օրենքի կամ մրցակցության կանոններին, այլ առաջնորդի կամքի։
Այսպիսի հոգեբանությունը բնորոշ է այն ղեկավարներին, ովքեր ժողովրդական մանդատը նույնացնում են անձնական իրավունքի հետ՝ մտածելով, որ իրենք են ժողովրդի միակ օրինական խոսնակները։
Արդյունքում ձևավորվում է միահեծանության քաղաքական տրամաբանություն, որտեղ այլախոհությունը նույնացվում է դավաճանության, իսկ ընդդիմությունը՝ թշնամանքի հետ։
«Թշնամու անհրաժեշտությունը» որպես ավտորիտար կառավարման հենասյուն Փաշինյանի համար առաջին օգնականն է: Ավտորիտար համակարգերի հիմնական հոգեբանական հիմքերից մեկն այն է, որ նրանք անհնար են առանց թշնամու։ Արտաքին թշնամին (Ադրբեջան, Թուրքիա) օբյեկտիվորեն և անհրաժեշտաբար օգտագործվում էր ներքին համախմբման և դիմակայման համար, սակայն այժմ այդ գործիքը ամբողջությամբ թմրեցվել է:
Արդյունքում Փաշինյանը անցել է ներսից թշնամու ստեղծման մոդելին,
որով արտաքին վտանգը փոխարինվում է ներքին բաժանարար գծերով՝
• «հին» և «նոր» Հայաստան,
• «ազատված ժողովուրդ» և «նախկին ռեժիմների մնացորդներ»,
• «ժողովուրդ» և «իշխանությունից զրկված հակաժողովուրդ»։
Այս հակադրություններով նա կառուցում է իշխանության պահպանման նոր լեգիտիմացիա՝ ոչ թե «մենք ընդդեմ արտաքին մարտահրավերների», այլ «մենք ընդդեմ նրանց, ովքեր մեզ չեն ենթարկվում»։
Սա ունենալու է ներազգային թշնամանքի քաղաքական հետևանքներ: Այս վարքը վտանգավոր է ոչ միայն որպես խոսք, այլ՝ որպես պետական քաղաքականություն։ Այն հյուծում է պետության ինստիտուցիոնալ դիմադրողականությունը:
Երբ իշխանությունը պետական ինստիտուտներով սկսում է տարբերել քաղաքացիներին ըստ իրենց քաղաքական անցյալի, ներկայի կամ դիրքորոշման, նա քանդում է հանրային միասնականության և դիմադրողականության ինստիտուտը, և այդ վակուումը լրացվում է վախի, անվստահության, մաղձի ու բաժանման մթնոլորտով։
Այդպիսով Հայաստանը վերածվում է հոգեբանական պատերազմի դաշտի սեփական ժողովրդի դեմ, որտեղ
իշխանությունը մշտապես պետք է ունենա մեկ «թշնամի»՝ սեփական գոյության արդարացման համար։
Նիկոլ Փաշինյանը, որպես ավտոկրատական մտածողությամբ առաջնորդ, չի կարող գոյատևել առանց «թշնամու» առկայության։
Քանի որ արտաքին թշնամին այլևս չի ծառայում իր իշխանական օրակարգին, նա փոխարինել է այն ներքին թշնամու կոնցեպտով, որպեսզի կարողանա պահպանել հասարակության վերահսկողությունը վախի, բաժանման և մերժման մեխանիզմներով։ Սա արագ խաղ է դեպի հանգուցալուծում գնացող մեծ արագությամբ»: