Ուրբաթ, 14 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Վաղարշապատը արժանի է կառավարման որակի, ոչ թե ձևական ավագանու». Դավիթ Անանյան

«Վաղարշապատը արժանի է կառավարման որակի, ոչ թե ձևական ավագանու». Դավիթ Անանյան
164
Այսօր, 21:48

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կոչ՝ նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններից առաջ
Սիրելի վաղարշապատցիներ,
Կիրակի օրը՝ նոյեմբերի 16-ին, ձեր համայնքում կայանալու են արտահերթ ընտրություններ՝ քաղաքական ճգնաժամի, վստահության անկման և վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահումների պայմաններում։
Այս ընտրությունը փորձաքար է՝ արդյո՞ք Վաղարշապատը շարունակելու է ապրել փակ կուսակցական համակարգի մեջ, թե՞ վերադառնալու է թափանցիկ ու պատասխանատու կառավարմանը։
1. Ինչո՞ւ այս ընտրությունը սովորական չէ
Վաղարշապատը ընտրության է գնում մի ամբողջ համակարգի փլուզումից հետո․ նախկին ղեկավարության կոռուպցիոն պատմություններ, փողերի լվացման մեղադրանքներ, համայնքային բյուջեի ու սեփականության չարաշահումներ։
Դրան հաջորդեցին արհեստական խոշորացումներ, նոր պաշտոններ, ինչպես նաև նույն մեխանիզմների վերարտադրություն՝ նոր անուններով։
Այսօր համայնքը ղեկավարում է իշխանության կողմից նշանակված պաշտոնակատարը, որն ունի վարչական գերակշիռ լծակներ։
2. Վարչական ռեսուրսի կիրառումը
Քարոզարշավի ընթացքում տեսանելի են․ «բարեգործական» միջոցառումների քաղաքականացում, ՏԻՄ ծառայողների և աշխատողների ներգրավում, ենթակառուցվածքների օգտագործում որպես քարոզ, հոգեբանական ճնշումներ ընտրողների վրա։
Այս ամենը ձեր կամքը կարծես խեղաթյուրելու համար է, բայց կա մի բան, որը չի կարող վերահսկվել ոչ ոքի կողմից՝ ձեր քվեն։
3. Թեկնածուների տագնապալի պատկերը
Ցուցակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեկնածուների 54%-ը գործազուրկ է։ Սա տագնապալի է, քանի որ համայնքի ավագանին պետք է լինի մասնագիտական կառույց, ոչ թե կուսակցական ցուցակների մեխանիկական համադրություն։
Վաղարշապատը արժանի է կառավարման որակի, ոչ թե ձևական ավագանու։
4. Սա միայն համայնքային ընտրություն չէ
Այս ընտրությունը ազդելու է նաև 2026-ի համապետական գործընթացների վրա, կոռուպցիոն մոդելի շարունակության կամ կանգնեցման վրա, ինչպես նաև Հայաստանի ապագա կառավարման տրամաբանության վրա։
Մի քանի համայնքում մարդիկ արդեն ցույց են տվել, որ ճշմարտացի քվեն հաղթում է․ Գյումրի, Փարաքար, Մասիս։ Վաղարշապատը նույնպես ունի այդ պատմական հնարավորությունը։
5. ՄԵՐ ԿՈՉԸ՝ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Վաղարշապատի սիրելի՛ հայրենակիցներ, այս ընտրությունը չի ընթանում հավասար պայմաններում, այդ պատճառով է ձեր մասնակցությունն այսօր հարյուրապատիկ կարևոր։
Գնացե՛ք ընտրության,
Պահպանե՛ք ձեր ձայնը՝ առանց վախի ու ճնշման,
Մի՛ թողեք, որ համայնքը դառնա որևէ կուսակցության մասնաճյուղ,
Պահպանե՛ք ձեր համայնքի արժանապատվությունը։
Վաղարշապատի ապագան որոշում եք դուք։ Ձեր մեկ քվեն կարող է դառնալ վարչական ռեսուրսի դեմ ամենաարդյունավետ հակաքայլը։ Կիրակի օրը, նոյեմբերի 16-ին, գնացե՛ք ընտրության և պաշտպանե՛ք ձեր համայնքը։
Վաղարշապատը արժանի է դրան, Հայաստանը՝ նույնպես»:

Աղբյուրը`   Դավիթ Անանյան