Շաբաթ, 15 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մի՛ ակնկալեք, որ Հայ Առաքելական եկեղեցին գործի ընդդիմադիր կուսակցության տրամաբանությամբ». Հակոբ Բադալյան

«Մի՛ ակնկալեք, որ Հայ Առաքելական եկեղեցին գործի ընդդիմադիր կուսակցության տրամաբանությամբ». Հակոբ Բադալյան
103
Այսօր, 11:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «

? Մի շարք հրապարակումների պաատահեցի, որտեղ հեղինակները տարակույսից մինչեւ զայրույթ են արտահայտում, որ Հայ Առաքելական եկեղեցին հարաբերվում է այսպես ասած Ազգային աղոթքի նախաճաշի երեւանյան հավաքի մասնակիցների հետ, հավաքին կան ՀԱԵ ներկայացուցիչներ, նույնիսկ կարծես թե կա տեղեկություն, որ պատվիրակներին կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Այդ տարակույսն ու զայրույթը պայմանավորված է նրանով, որ Ազգային աղոթքի նախաճաի երեւանյան միջոցառումը ըստ էության ունի դե ֆակտո իշխանական հովանի: Հիշեցնեմ նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթացիկ տարվա փետրվարին ԱՄՆ-ում էր՝ այդ թվում Ազգային աղոթքի նախաճաշի ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով:

Հայտնի է, որ այդ նախաձեռնությունը, որ արդեն ունի տասնամյակների պատմություն: Ըստ էության, այդ նախաձեռնությունն ամերիկյան քաղաքականության տնտեսա-քաղաքական գործիք է՝ դավանական սուոսով: Ազգային աղոթքի նախաձեռնության շրջանակը ներառում է ոչ միայն կրոնական խմբեր եւ կազմակերպություններ, այլ նաեւ տարբեր՝ այդ թվում իսլամադավան երկրների պաշտոնյաներ, գործարարներ եւ այլն: Ակնառու է, որ խոսքը բբավականին ազդեցիկ դավանա-տնտեսա-քաղաքական մի նախաձեռնության մասին է:

Ինչպես ինքս առիթ եմ ունեցել այս ընթացքում արտահայտել տեսակետս, իմ խորին համոզմամբ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի «մոտիվացիոն» հիմքում նաեւ այդ նախաձեռնության գլոբալ մոտիվներն ու նպատակներն են, որոնց ծիրում Հայ Առաքելական եկեղեցին գուցե իր ռեսուրսներով համեստ, բայց իր դավանական խորությամբ բավականին ազդեցիկ եւ ամուր «մրցակից» է, որին պետք է ենթարկեցնել: Եվ դրա համար, անշուշտ օգտագործելի լավագույն միջոցներից մեկը Հայաստանի ներքին քաղաքական շերտերն են:

Ահա այս համատեքստում, շատերի մոտ տարակույս ու զարմանք է առաջացնում ՀԱԵ հարաբերությունը այդ նախաձեռնության հետ:

Գործնականում սակայն, կարծում եմ այդ տարակույսն ու զայրույթը, կամ զարմանքը՝ իզուր են:

Այդ առիթով, վերստին խոսեմ եկեղեցու հարցում առկա իրողությունների մի գլոբալ համատեքստի մասին:

ՄԻ ԱԿՆԿԱԼԵՔ, ՈՐ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԳՈՐԾԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ:

Ավելին, եկեղեցուն հենց այդ դաշտ տանելուն է միտված նաեւ կառավարող ուժի գործողությունների տրամաբանությունը: Որովհետեւ, այդ գործողությունները հաջողության իրատեսական հեռանկար են ստանալու հենց այդ դեպքում, երբ ՀԱԵ-ն ըստ էության «վերածվի» ընդդիմադիր ուժի, այլ ոչ թե մնա ընդհուպ համաշխարհային մասշտաբ եւ պատմա-դավանաբանական չափազանց խորը արմատ ունեցող ինստիտուտի:

Ինչպես բազմիցս եմ նշել, ՀԱԵ մարտահրավերը Նիկոլ Փաշինյանը չէ, Նիկոլ Փաշինյանով է: Նիկոլ Փաշինյանով է, բայց ավելի լայն ու ընդգրկուն, առավել հիբրիդային ու բազմաշերտ: Եկեղեցու վարքը մի չափեք սեւ ու սպիտակ տրամաբանության մեջ, որովհետեւ եկեղեցու դեմ պարզապես սեւը չէ, այլ, թույլ տվեք ասել՝ շատ գույնզգույնը, այդ բառի թե բուն, թե պատկերավոր մի շարք իմաստներով հանդերձ:

Հետեւաբար, շատ նուրբ աշխատանք է պահանջվում այդ բոլոր գույների հետ, այլ ոչ թե առճակատում լոկ սեւի տրամաբանությամբ, ինչը ըստ էության հավասարազոր է լինելու խրտվիլակի դեմ պայքարի, այն դեպքում, երբ իրական մրցակիցները «կշրջանցեն» թիկունքից:

Սա բոլորովին չի նշանակում, թե եկեղեցու ղեկավարությունն ամեն ինչ անում է ճիշտ ու անթերի: Չկա այդպիսի ինստիտուտ: Բայց, անելիքը բովանդակության դաշտում է, հարաբերությունների եւ կոմունիկացիայի արդյունավետությանը միտված գործողությունների դաշտում, այլ ոչ թե մոդելի: Մոդելը ճիշտ է ընտրված՝ հանդարտություն, կտրուկ գործողությունների, այլ կերպ ասած՝ «զանգեր խփելու» հարցում պատրանքների եւ էմոցիաների բացառում, իրավիճակի չափում ոչ թե ըստ աջակից հանրության ընդդիմադիր հայացքների եւ սոցիալ-հոգեբանական պատկերացումների, այլ ըստ հենց սեփական իսկ ինստիտուցիոնալ տրամաչափի եւ պատմա-դավանաբանական ընթացքի ինստիտուցիոնալ հիշողության:

Ինչպես ասում են, եթե մրցակցին չես կարող հաղթել հենց մարտադաշտում, պետք է փորձես նրան պահել հնարավորինս մոտ՝ վարքագիծը կառավարելու համար: Եվ այդ նպատակով, հարկ է նաեւ հաղորդակցվել նրա հետ, քանի դեռ նա է քեզանից բազմակի ավելի ուժեղ եւ լայնարձակ: Կրկնեմ, ՀԱԵ մարտահրավերը Նիկոլ Փաշինյանը չէ: Եվ ՀԱԵ ներկայիս վարքագիծը գոնե առայժմ հուշում է, որ իրական մարտահրավերների շրջանակը եւ «մոտիվացիոն ակունքը» պատկերացվում է բավականին ճշգրիտ: Ըստ այդմ, պետք չէ պահանջել կամ ակնկալել, որ ՀԱԵ-ն լինի ընդդիմադիր ուժ: ՀԱԵ ուժը այդպիսին չլինելը կամ չդառնալն է»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան