Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Երկրում, որտեղ մարդ սպանելը դարձել է «սովորական երևույթ», «փորձանքից» ապահովագրված չէ ոչ ոք»․ Նաիրի Սարգսյան

«Երկրում, որտեղ մարդ սպանելը դարձել է «սովորական երևույթ», «փորձանքից» ապահովագրված չէ ոչ ոք»․ Նաիրի Սարգսյան
97
Երեկ, 23:54

Տնտեսագետ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանցագործությունների թիվը Հայաստանում օրեցօր աճում է՝ հասնելով վտանգավոր չափերի։ Սա պարզապես հնչեցված մտահոգություն չէ․ սա մեր կյանքի իրականությունն է, այսօրվա Հայաստանը, այն միջավայրը, որտեղ ապրում ենք մենք, մեր երեխաները, մեր հարազատները։
Սպանությունները, հարձակումները, ինքնասպանությունները, մահվան ելքով, խոշոր վթարները, գողությունները, կեղծ դրամաշրջանառությունն ու նույնիսկ դպրոցներում թմրանյութերի շրջանառությունը դարձել են առօրյա նորություն։ Գրեթե ամեն օր լսում ենք հերթական դաժանության մասին, բայց իրական, խորքային լուծումներ չեն տրվում։
Երկրում, որտեղ մարդ սպանելը դարձել է «սովորական երևույթ», անվտանգ և «փորձանքից» ապահովագրված չէ մեզանից ոչ ոք։
Միևնույն ժամանակ, ուժային կառույցները, որոնք պետք է լինեին պետության ամուր ողնաշարը, այսօր զբաղված են մեկ մարդու քաղաքական կամքը սպասարկելով։ Քաղաքական պատվերներ, ընդդիմախոսների նկատմամբ հսկողություն, մեկ անձի անվտանգության գերհոգատար կազմակերպում՝ այս ամենի կողքին հասարակ քաղաքացին մնում է անպաշտպան՝ դեմ հանդիման հանցավորության աճող ալիքին։
Պաշտոնական տվյալներն էլ են վկայում՝ հանցագործությունների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է։
Եթե 2017-ին գրանցվել է 20,284 հանցագործություն, ապա 2024-ին այդ թիվը հասել է 40,232-ի, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է։
Անձի դեմ ուղղված հանցագործությունները 2017-ի 4,868-ից 2024-ին դարձել են 7,353։
Հասարակական անվտանգության և առողջության դեմ ուղղված հանցագործությունները 2017-ի 3,650-ից աճել են մինչև 15,502՝ ինչը պարզապես աղետալի ցուցանիշ է։
Այս պայմաններում հարց է առաջանում՝ արդյո՞ք ստեղծված քաոսը ձեռնտու չէ իշխանություններին։ Երբ հասարակությունը մշտապես լարված է, անապահով և վախի մեջ, շատ ավելի հեշտ է շեղել մարդկանց իրական, խիստ կարևոր պետական խնդիրներից՝ անվտանգությունից մինչև պետականության հիմնասյուները։
Եվ եթե այսօր մարդիկ չեն կարողանում իրենց ապահով զգալ իրենց երկրում, ապա դա նշանակում է, որ համակարգը չի կատարում իր հիմնական առաքելությունը։
Վաղուց ժամանակն է, որ ուժային կառույցների պրոֆեսիոնալ աշխատակիցներն իրենք իրենց ձեռքը վերցնեն իրավիճակի կայունացումը, մշակեն կոնկրետ լուծումներ և իրականացնեն հստակ գործողություններ, որպեսզի մեր երկրում անվտանգության զգացումը լինի իրական ։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամներն իրենց հերթին պատրաստակամ են ներկայացնելու իրենց առաջարկներն ու աջակցությունը՝ նպաստելու անվտանգ միջավայրի վերականգնմանը, որպեսզի հնարավորինս շուտ շտկվի այս վտանգավոր իրավիճակը և մենք ունենանք միանգամայն այլ, կայուն ու վերահսկելի պատկեր։
Գուցե ներկա իշխանություններին և նրանց կամակատարներին ձեռնտու է այս անորոշությունն ու քաոսը, որովհետև այն շեղում է հասարակությանը իրական խնդիրներից, բայց տուժողը հայ ժողովուրդն է։ Տուժող են այն ընտանիքները, որտեղ գրեթե ամեն օր առերեսվում են ողբերգական լուրերի, տուժող է յուրաքանչյուր քաղաքացի, որը նույնիսկ ամենաթեթև վիճաբանությունից հետո ապահովագրված չէ անդառնալի հետևանքներից։
Անվտանգությունը պետք է լինի համազգային իրավունք, այս աղետալի և ոչ մի լավ տեղ չտանող պատկերը հնարավորինս շուտ պետք է փոխվի»։

Աղբյուրը`   Նաիրի Սարգսյան