Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Կրթական ծրագրերը պետք է համապատասխանեցնել ժամանակակից աշխարհի ու ՀՀ-ի պահանջներին»․ Դավիթ Պետրոսյան

«Կրթական ծրագրերը պետք է համապատասխանեցնել ժամանակակից աշխարհի ու ՀՀ-ի պահանջներին»․ Դավիթ Պետրոսյան
100
Այսօր, 01:12

«Ռեստարտ» ՀԿ-ի համակարգող Դավիթ Պետրոսյանի գրառումը. «Քանի որ Ադրբեջանը ստացել է Կենտրոնական Ասիայի խորհրդատվական հանդիպումների լիիրավ անդամի կարգավիճակ, որի արդյունքում C5-ը վերածվում է C-6-ի՝ առիթն օգտագործելով մի բան եմ ցանկանում նշել, որի մասին շուտվանից էի ուզում գրել։
Վաղուց անհրաժեշտ է, որ ՀՀ բուհերում, որտեղ կան Միջազգային հարաբերությունների, Քաղաքագիտության կամ Արևելագիտության ֆակուլտետներ ու ամբիոններ, հատուկ ուշադրություն դարձվի Կենտրոնական Ասիայի երկրներին՝ առնվազն մեկ մասնագիտական առարկայի, և ավելի լավ կլինի, որ մեկ առանձին բաժնի միջոցով։ Այդ երկրների հետ մենք մաս ենք կազմում տարբեր ինտեգրացիոն կառույցների ու անհրաժեշտ է՝ ունենանք մեր սեփական դպրոցը, որ կուսամնասիրի իրենց քաղաքական համակարգը, ներքին ու արտաքին քաղաքականությունները, կրոնը, կարճ ասած, այն ամենը, որ ազդում է նրանց կողմից արտաքին քաղաքականության մշակման վրա։
Առիթն օգտագործելով՝ նաև կնշեմ, որ մենք մինչ այժմ չունենք Ռուսաստանն ուսամնասիրող հայկական դպրոց, չնայած այն հսկայական կապերին, որ ունենք Ռուսաստանի հետ։ Սա առնվազն զավեշտալի է։ Մինչդեռ Ռուսաստանի մասով մենք մի քանի տարբեր առարկաներ պետք է ունենանք՝ արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, տնտեսություն, ռազմական ուժ, Ռուսաստանը Հարավային Կովկասում, ՌԴ-ն ու Եվրոպան, ՌԴ-ն ու Չինաստանն ու այսպես շարունակ։ Նույնիսկ Կրեմլի մասին հատուկ առարկա պետք է ունենանք։
Այս ցանկը հնարավոր է ու կարիք կա շարունակել, բայց, կարճ ասած, կարիք ունենք խորհրդային ժամանակներից ստացած կրթական ծրագրերը համապատասխանեցնել ժամանակակից աշխարհի ու ժամանակակից Հայաստանի պահանջներին։
Առանց այս ծրագրերի թարմացման, առանց մի շարք կարևորագույն ուղությունների սեփական դպրոցներն ունենալու արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելն ուղղակի անհնար է»:

Աղբյուրը`   Դավիթ Պետրոսյան