Ուրբաթ, 21 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Ասֆալտը քերել, մոռացել են փոսը լցնել, ինչն այսօր դարձել է 15 ավտոմեքենայի վթարի պատճառ

Ասֆալտը քերել, մոռացել են փոսը լցնել, ինչն այսօր դարձել է 15 ավտոմեքենայի վթարի պատճառ
156
Այսօր, 22:30

Երևանում վերջին օրերին շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները՝ ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, այլև ծայրամասերում․․․ Որոշ դեպքերում, չգիտես ինչու, ասֆալտապատումը կատարվում է կիսատ-պռատ․ հին ու անորակ ասֆալտը քերում են, դրանից հետո փորված հատվածը պետք է շատ արագ լցվի, սակայն ցուցաբերում են անպատասխանատու մոտեցում, ինչի պատճառով էլ այդ փոսերը վարորդների համար դառնում են իսկական պատուհաս։ Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում՝ դեպի Ջրվեժ տանող ճանապարհին, 15-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են Երևանի քաղաքապետարանի կողմից փորված փոսում, ինչի հետևանքով բոլոր ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել են, և վարորդները ավտոքարշակով են վնասված ավտոմեքենաները տեղափոխել ավտովերանորոգման կետեր։ Նույնիսկ փոսը շրջանցելու պատճառով 3 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի և վիրավորների։Մի քանի դեպքերում էլ վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, ավտոմեքենաները հեռացրել են դեպքի վայրից։Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե ցերեկվա ժամերին վարորդների համար տեսանելի է այդ փոսը, ապա գիշերային ժամերին հնարավոր է՝ չտեսնեն, և հերթական վթարը տեղի ունենա։ Ավելին՝ այդ հատվածով է իրենց ավտոպարկ մեկնում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված՝ Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտի մեծ մասը, և չկա երաշխիք, որ ավտոբուսները նույնպես չեն հայտնվի փոսում։

Իսկ թե ով է փոխհատուցելու վարորդներին պատճառված վնասը, դեռևս անհայտ է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։