Շաբաթ, 22 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Որ ասում եմ՝ ես, Արուսն էլ հետս է. «Հրապարակ»

Որ ասում եմ՝ ես, Արուսն էլ հետս է. «Հրապարակ»
64
Այսօր, 09:06

«Հրապարակ»-ը գրում է․ «Պարզվում է, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն արտերկիր գործուղումներին միայնակ չի մեկնում՝ անկախ երկրից ու գործուղման նպատակից․ նրա կինը՝ Լյուսի Վանա Կարապետյանն ուղեկցում է նրան։ Օրինակ, վերջին վոյաժը դեպի Ֆրանսիա էր։ Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։ Նախարարի կինն ամուսնուն ուղեկցում էր նաև ԱՄՆ այցի ժամանակ։ Ի դեպ, ԲՏԱ նախարարությունը Ֆրանսիա այցից լուսանկարներ է հրապարակել, սակայն որևէ լուսանկարում Լյուսին չի երևում։
Ամուսինները սոցկայքերի իրենց էջերում էլ շրջագայություններից լուսանկարներ ու տեղեկություններ չեն հրապարակում։ Սակայն այս այցի պատճառով ստիպված են եղել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Արևմտահայերեն լուրերի շաբաթվա ամփոփումը, որը վարում է Լյուսին, այլ ֆորմատով եթեր հեռարձակել։ Եթե բոլոր հաղորդումներում տաղավարային ձևաչափով էր նա լուրերը վարում, նախորդ կիրակի լուրերը հեռարձակվել են նյուզբլոկով՝ առանց հաղորդավարի մասնակցության։

Մենք ԲՏԱ նախարարություն հարցում արեցինք, թե ինչ հիմունքներով է այլ համակարգում աշխատող կինն ուղեկցում նախարարին: Մեզ պատասխանել են․ «Նախարարի կինը ոչ բոլոր այցերին է ուղեկցել նախարարին, իսկ ուղեկցելու դեպքում նրա ներկայությունն ապահովվում է բացառապես սեփական միջոցներով։ Ինչ վերաբերում է վերջին՝ Գրենոբլ կատարած այցին, ապա, այո՛, նախարարի կինն ուղեկցել է նրան, և այդ այցը ևս իրականացվել է բացառապես նրա անձնական միջոցներով։ Նշենք, որ այցի շրջանակում որևէ ձևաչափով պաշտոնական հանդիպումներին անգամ նա մասնակցություն չի ունեցել: Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ նախարարությունը փոխհատուցում է միայն նախարարության աշխատակիցների գործուղումների ծախսերը»: