Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե 1,5 տարին բանակը չի կրճատում, ուրեմն 1 շաբաթն էլ չի կրճատի»․ Վիտալի Մանգասարյան

«Եթե 1,5 տարին բանակը չի կրճատում, ուրեմն 1 շաբաթն էլ չի կրճատի»․ Վիտալի Մանգասարյան
70
Այսօր, 15:24

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե 1,5 տարին բանակը չի կրճատում, ուրեմն 1 շաբաթն էլ չի կրճատի.

Ժամկետային զինծառայության ժամկետը 2 տարուց 1.5 տարի կրճատելը բանակի թվաքանակի վրա որևէ ազդեցություն չի ունենա։ Այս թեզը ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում հնչեցրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պնդելով, որ «1.5 տարի հետո մենք նույն թվաքանակով մարդկանց ենք զորակոչելու, ուղղակի նրանք 1.5 տարի են ծառայելու»։ Նախարարը նաև հավելել է՝ «թվաբանություն է, էտ անտերը, բարդ չի»։
Իրականում Պապիկյանը ճիշտ է ասում, որ պարզ թվաբանություն է, ուղղակի այդ պարզությունը հիմք ընդունելով, չգիտես ինչի սխալ եզրահանգման է գալիս:
Եկեք հաշվենք։
Ենթադրենք Հայաստանում տարեկան մոտ 11–12 հազար երիտասարդ է զորակոչվում:
2 տարվա ծառայության դեպքում բանակում միաժամանակ ծառայում է մոտ 22–24 հազար ժամկետային զինծառայող (12 000 × 2)։
1.5 տարվա ծառայության դեպքում նույն տարեկան զորահավաքով բանակում միաժամանակ կլինի ընդամենը 18 հազար մարդ (12 000 × 1.5)։ Այսինքն՝ բանակում մշտական առկա ժամկետայինների թիվը կնվազի մոտ 4–6 հազարով։ Դա մոտավորապես 20-25 % կրճատում է։
Պապիկյանն նաև ասում է՝ «նույն թվաքանակով կզորակոչենք»։ Բայց նա «մոռանում» է ասել, որ նույն թվով զորակոչելը այլևս չի ապահովի նախկին թվաքանակը բանակում։
Եվ վերջապես, եթե անգամ համարենք, որ մենք էլ ենք յոթ տարի միևնույն դասարանում մնացել, և օբյեկտիվ պատճառներով մաթեմից թույլ ենք, և Պապիկյանի նմանօրինակ գնահատականները ընդունենք որպես բացարձակ ճշմարտություն, ապա ստացվում է, որ եթե 1.5 տարին «ոչ մի ազդեցություն չունի» բանակի թվաքանակի վրա, ապա ինչո՞ւ ծառայությունը չդարձնենք 1 տարի։ Կամ ինչո՞ւ չդարձնենք 6 ամիս։ Եվ նույն լուրջ դեմքով պնդենք, որ «մենք նույն թվով ենք զորակոչում, պարզապես նրանք 6 ամիս են ծառայում»»։