Երկուշաբթի, 24 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Որոշ հոգևորականներ գործիք են դառնում այս իշխանությունների ձեռքին»․ Գառնիկ Դանիելյան

«Որոշ հոգևորականներ գործիք են դառնում այս իշխանությունների ձեռքին»․ Գառնիկ Դանիելյան
70
Այսօր, 16:00

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին, երբ ապօրինաբար անազատության մեջ են գտնվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ Սրբազանները՝ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ցավոք, ականատեսն ենք լինում որոշ հոգևորականների անընդունելի պահվածքին։
Վերջիններս, գիտակցաբար կամ անգիտակցաբար գործիք են դառնում այս իշխանությունների ձեռքին՝ ակամա մասնակիցը դառնալով հակաեկեղեցական արշավին։
«Պատարագ» ներկայացվող արարողությունների ժամանակ, որոնք շատ հաճախ մատուցում են կարգալույծ քահանաները, չի հիշատակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Ցավոք, երեկ ականատեսը եղանք նման պատկերի նաև Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում:
Հատկանշական է, որ նույն թեմի առաջնորդը, որը չհրաժարվեց վարչակարգի ղեկավարի ձեռքը սեղմելուց, դեռևս ամիսներ առաջ հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը պետք չէ կապել միայն Վեհափառ Հայրապետի հետ․ այն արշավ է հայ եկեղեցու դեմ։
Ցավոք, մեր հանրությունը զերծ չէ արատներից։ Եվ մարդկային տկարությունները բնորոշ են հանրության բոլոր շերտերին։
Այդուհանդերձ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին վայելում է մեր ժողովրդի աջակցությունն ու վստահությունը՝ շարունակելով մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող կառույցը։
Ապօրինի ազատազրկված Սրբազանները մեր հավատի և հայրենիքի համար շարունակում են պայքարել բանտերից՝ օրինակ ծառայելով, թե ինչպիսին պետք է լինեն իրական հոգևոր առաջնորդները։ Այս ամենի ֆոնին, ցավալի է արձանագրել իրենց մայր եկեղեցուն դեմ գնացող մի քանի հոգևորականների պահվածքը։ Բարեբախտաբար, այդպիսիք շատ չեն։
Եկեղեցահալած այս քաղաքականությունը, որը նաև թշնամու օրակարգն է, դատապարտված է ձախողման։ 1700 տարվա պատմություն ունեցող Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց է, այլև մեր ինքնության առհավատչյան։ Խոսքերը, որ հաճախ հնչեցնում ենք՝ ընդգծելով, որ մեր եկեղեցին հարյուրամյակներ շարունակ փոխարինել է պետականությանը, ոչ թե չափազանցություն են, այլ պատմական իրողություն։
Եկեղեցու դեմ գործողը դեմ է գնում Աստծուն։
Վստահ եմ, որ մեր հավատավոր ժողովուրդը գիտակցելով այս ամենը՝ շարունակելու է սատար կանգնել իր արժեքներին, իր եկեղեցուն, հավատին ու ինքնությանը։
«Ուրեմն հպատակվեք Աստծուն, հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից»:
Հակոբոս 4.7»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան