«Ոստիկանության մեջ կան խնդիրներ, որոնք ծուլության ու հնացած բարքերի արդյունք են»․ Վահե Գևորգյան
61
Այսօր, 01:06
Երևանի ավագանու նախկին անդամ Վահե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոստիկանության մեջ կան մի քանի բացահայտ խնդիրներ, որոնք զուտ ծուլության կամ հնացած բարքերի արդյունք են։ Մեքենաների գողությունների մասին երևի թե մարդ չկա, որ տեղյակ չլինի։ Նախ, խնդիրներից մեկն այն է, որ բառիս բուն իմաստով ոստիկանությունը ծուլանում է աշխատել։ Գալիս են՝ ֆիքսում են գողությունը, իսկ հետագա աշխատանքները կատարել՝ ծուլանում են։ Ծուլանում են իրենց ինֆորմատորներին հարցաքննել, ծուլանում են տեսախցիկները ստուգել, մի խոսքով՝ ծուլանում են աշխատել։ Այն աստիճան են ծուլանում, որ գործի մեծ մասը հենց տուժողներն են անում՝ գնում են տեսախցիկների ձայնագրություններն են վերցնում, իրենց կապերով փնտրում են գողերին և այլն։ Դեռ մի բան էլ՝ հարկ են մուծում, որ ծուլացող ոստիկանը աշխատավարձ ստանա. սա աբսուրդ է, և սա վերաբերում է բոլոր տեսակի գողություններին։ Մի ուրիշ խնդիր էլ՝ գողացվածը տուժվածին այդպես էլ չի վերադարձվում։ Ես չեմ հասկանում. լավ, բռնել եք, ինչո՞ւմն է խնդիրը, որ գողին չեք կարողանում այնպես հարցաքննել, որ հերթով ասի, ում ինչ է վաճառել, գնաք վերցնեք, վերադարձնեք տիրոջը, որ մարդն իմանա, թե մի օգուտ կա ոստիկանությունից, և հաջորդ անգամ էլ դիմի։ Այդ գնորդն էլ դրանից հետո լավ կմտածի՝ գողացված ապրանք գնելուց առաջ։ Այս գրածս վերաբերում է ընդամենը կոնկրետ ծուլությանը, էլ չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ ոստիկանության աշխատողները համագործակցում են գողերի հետ, և հիմա հենց այդ մտքին եմ հակված, որ հանցագործներն էլ այսպես արխային գործում են։ Հաջորդը. մարդը, ասենք, փողոցում հանցագործության ականատես է լինում, օրինակ՝ բռնության։ Ահազանգում է ոստիկանություն, ոստիկանները արագ գալիս են։ Այստեղ սկսվում է ահազանգող քաղաքացու փոշմանելու պրոցեսը, որ ահազանգել է։ Նախ, քաղաքացին իր առջև դրված պարտականությունն արել է՝ ահազանգել է ոստիկանություն։ Գալիս են, շատ դեպքերում հանցագործներին թողնում ու սկսում են «քաշքշուկ» անել ահազանգող քաղաքացու հետ։ Եվ քննիչը զանգում է, անընդհատ ինչ-որ անկապ հարցեր է տալիս, մարդուն անհանգստացնում, կանչում ոստիկանություն՝ հերթական ցուցմունք տալու։ Հիմա ուշադիր, երբ քաղաքացին արդեն զզված չի գնում, կամ այդ պահին հարմար չէ, քննիչները սկսում են սպառնալ, որ բերման կենթարկեն, եթե չգա։ Պատկերացնո՞ւմ եք, մարդը հանցագործության մասին է ահազանգել ու ընկել կրակը։ Մի՞թե մյուս անգամ այդ մարդն էլ ոստիկանություն կզանգի։ Հանցագործության կողքով կանցնի գնա, և պարզ չէ, թե այդ պահին կատարված հանցագործությունը ի՞նչ հետևանքներ կունենա։ Կարող է նաև այնպես լինել, որ այդպես են անում, որ քիչ մարդ դիմի, իրենք էլ քիչ աշխատեն։ Խելքի եկեք, ոստիկանության համակարգը նոր համազգեստով ու նոր մեքենաներով չէ, որ արդյունավետ է աշխատում»: