«Այս հրդեհների տարածման մեղավորը ՀՀ կառավարությունն Է»․ Նարինե Կիրակոսյան
67
Այսօր, 16:36
Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս հրդեհների տարածման մեղավորը ՀՀ Կառավարությունն է. Ո՛չ գյուղացիների, ո՛չ էլ թուրքերի վրա մեղքը մի գցեք։ Առաջին հերթին, որպես բնապահպան-լրագրող նշեմ, որ տևական ժամանակ է այս Կառավարությանը բացատրում ենք, որ սպանդանոցների պարտադրանքի պատճառով գյուղացիներն իրենց անասունը կրճատել, որոշ տեղերում՝ վերացրել են։ Սրա պատճառով էլ խոտը աճել, բոյ է տվել ու հիմա հենց դա է նաև նպաստում քամիների առկայության պարագայում կրակի տարածումը։ Անտառային տարածքներում էլ մարդկանց շարժի գրեթե բացակայության պատճառով խաշամն է շատացել։ Դա էլ է կրակի արագ տարածման պատճառ դարձել։ Ինչպե՞ս եկանք այս իրավիճակին․ Բացի այն, որ մեր երկրի սահմանները 2020-ից հետո նեղացել են և օկուպացվել են Ադրբեջանի կողմից, մնացած արոտավայրերում էլ խոշոր եղջերավոր և մանր կճղակավոր տնային կենդանիներն են քչացել։ Նախիր չեն պահում, ոչխարի հոտերն էլ Արագած լեռան հատվածում են հիմնականում պահում։ Մյուս մարզերում խիստ կրճատվել են ոչխար, այծ պահողներն ու կով, գոմեշ արտեր, յայլաներ տանողները։ Սրան գումարած վարչապետի և իր կնոջ հովանու տակ գործող նորելուկ օլիգարխները սկսել են ինտենսիվ այգիներով խեղդել բերրի հողի, նախկինում չմշակված տարածքները։ Օրինակ՝ Վիվառոյի տերերը Արագած լեռան փեշերն են այդպես յուրացրել։ Երեմյաններն էլ տխրահռչակ ԱՆԻՖ-ի ծրագրերով հիմնել են փակ պահման տավարապահության ֆեռմաներ։ Այստեղ իրենց պահված կենդանիները սնվում են համակցված կերերով, արոտ բաց չեն թողնվում։ Անասնապահության ոլորտում անասնաբույժների պակասի պատճառով նաև մեծ տարածում են ունեցել դաբաղ և այլ զոոնոզ հիվանդություններ, որի պատճառով ահռելի թվով մեր տեղական գորշ կովերի ցեղատեսակի անկումներ են գրանցվել։ Անկման փաստը մարզային պատասխանատուների հրահանգով գյուղացիները չեն արձանագրել, կամ այդ մասին տեղեկությունը թաքցրել են։ Այս մի քանի տարվա մեջ նաև ջրային ռեսուրսների անխնա կառավարման խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ խորացել է։ Հատկապես արտեզիան ջրերի սակավությունն է նկատվում, անխնա ջրօգտագործման պատճառով։ Վերգետնյա ջրերն էլ ագրեսիվ օգտագործվում են էլեկտրոէներգիա ստանալու համար։ Ո՛չ շրջակա միջավայրի նախարարությունը, ո՛չ Ջրային Կոմիտեն, ո՛չ էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ռեալ չեն աշխատում։ Ավելին՝ սուտ, կամ հին տվյալներ են ներկայացնում գետերի, ջրատարների և այլ ջրավազանների լցվածության մակարդակի վերաբերյալ։ Արարատյան դաշտում և նախալեռնային գոտիներում էլ այս տարի գիշերային ժամերին ինտենսիվ վառում են եղեգն ու խոտհարքները։ Եվս կարևոր հանգամանք․ Բոլոր անտառային հատվածներում ու հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքներում պետք է իրագործվեր հրդեհը կանխող ծրագիր, որը, ինչպես մենք տեսնում ենք, գործնականում չի արվել։ Այսինքն, անտառտնտեսությունները պետք պատրաստ ունենային հակահրդեհային բոլոր միջոցները․ տեխնիկա, մարդկային ռեսուրսներ, տեղամասերում պահեստավորված հող, ավազ և այլն։ Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում․ բնակիչներին ժամանակին չեն իրազեկել, արտակարգ իրավիճակներում ՇՏԱԲ չեն ստեղծել, հրդեհին հակառակ ուղղությամբ կրակով կրակը չեն փորձել մարել, բուլդոզերներով կրակի դեմը հողը չեն վարել և էլի շատ բաներ չի արվել։ Ու հիմա, երբ կրակը մտել է Դիլիջան ազգային պարկ, Բերդի անտառները, Լոռվա սահմանային անտառածածք հատվածները, մեկ էլ տեսնում ենք անհատ մարդկանց կամավորական խմբեր հավաքելու հայտարարություններ։ Իսկ ո՞ւր էիք փակում ԱԻՆ-ը, ո՞ւր էիք լուծարում գյուղնախարարությունը և ո՞ւր էիք զարկը տալիս հանքարդյունաբերությանը, ստելով, թե 10 մլն ծառ ենք տնկելու․․․ Այսքանը բավ է, որ արձանագրվի Կառավարության պարտազանց անգործության, գյուղատնտեսության ոլորտի կառավարման բացակայության պատճառով Հայաստանի տարածքում ծայրաստիճան հրդեհավտանգ իրավիճակը»։