Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հակաիշխանական դաշտում կարող է և պիտի լինի համագործակցություն` ընդդեմ իշխանական ուժի»․ Լիլիթ Բլեյան

«Հակաիշխանական դաշտում կարող է և պիտի լինի համագործակցություն` ընդդեմ իշխանական ուժի»․ Լիլիթ Բլեյան
112
Այսօր, 17:12

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հակաիշխանական դաշտն իրականում շատ բազմազան է, ու եթե մի կողմում պայմանական Նիկոլն է, ապա մյուսում ամենևին մի ուժ չի ու չի էլ կարող լինել։
ԲԱՅՑ կարող է ու Պիտի լինի համագործակցություն՝ ընդդեմ իշխանական ուժի։ Էդ համագործակցությունն ամենևին կոչերով կամ հուշագրերի ստորագրմամբ չպիտի արտահայտվի։ Դա պիտի լինի համագործակցություն՝ հանուն ընդհանուր նպատակի։ Իսկ էդ ընդհանուր նպատակը գործող իշխանությունների վերարտադրությունը բացառելն է։ Էդ նպատակին պիտի ստորադասվեն բոլոր տեսակի անձնական համակրանք/հակակրանքները, հին կռիվներն ու խնդիրները։ Բոլոր քայլերի, թեկուզ՝ թվացյալ անհասկանալի ու «չբռնվող» քայլերի հիմքում պիտի լինի էդ նպատակը։
Ամեն ընդդիմադիր ուժ ունի իր սպեցիֆիկ ընտրազանգվածը, իր սպեցիֆիկ համակիրներին, որոնք շատ տարբեր են, որոնց կարծիքներն ու պատկերացումները կարող են իրարից տրամագծորեն տարբերվել։ Ամեն մեկը մի ձևով է դիրքավորվում, որ կարողանա իր սեփական լսարանին իր կողմը գրավել, ու էստեղ բոլորը կարող են ու պարտավոր են գործի դնել քաղաքական ու հաղորդակցային խառը տեխնոլոգիաներ։
Ունենք իներտ, երբևէ ընտրությունների չմասնակցող, «մեզնից բան կախված չի» ասող ընտրողների հսկա մի տոկոս, որի պասիվությունը նույնքան որոշիչ է լինում, որքան՝ մյուսների ակտիվությունը։ Էդ իներտներին իրենց տներից հանելու ու ընտրությունների տանելու համար պիտի ուրեմն մինչև էսօր չարված, հավերժական ստանդարտը խափանող քայլեր և ուղերձներ լինեն նաև։
Էս ամենը քաղաքական հաշվարկ ու սառը գլուխ է պահանջում ու նաև պահանջում է, որ հակաիշխանական ճամբարում իրար չուտեն։ Կամ եթե նույնիսկ ուտեն էլ, ապա էդ ուտելու տակ նորից հաշվարկ ու սառը գլուխ լինի, որ ամբողջ պրոցեսն ի վերջո ծառայի նույն նպատակին։ Ճիշտ էնպես, ինչպես իշխանություններն են «բուծում» կեղծ ընդդիմություններ, որոնք երբեմն կարող են իբր իրենց դեմ խոսել, բայց իրականում պարզապես ակտիվացնեն ու իշխանությունների օգտին ձայների վերածեն տանը նստած ընտրողներին։
Ընդհանուր գործի, ընդհանուր նպատակի գիտակցումը կարող է օգնել և՛ մնալ առողջ մրցակցության մեջ, և՛ դաշտ բերել իրոք նոր, հետաքրքիր ուժերի ու դեմքերի։ Իրար ուտելն օգտակար է միայն, երբ հանուն ընդհանուր գործի է արվում»։

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան