Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ուղերձը վերածվում է գործողության»․ Դավիթ Անանյան

«Ուղերձը վերածվում է գործողության»․ Դավիթ Անանյան
106
Այսօր, 17:18

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանյան քաղաքական կյանքում երեկ տեղի ունեցավ վտանգավոր նախադեպ: Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում հանդիպեց այն եպիսկոպոսների խմբին, որոնք նախօրեին հրապարակային հարված էին հասցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հանդիպեց՝ շնորհակալություն հայտնելով «սկզբունքայնության» համար։
Բայց իրականությունը շատ ավելի խորը և անհանգստացնող է։
Երբ պետության ղեկավարը շրջանցում է Կաթողիկոսին և առանձնահատուկ ելք է որոնում Եպիսկոպոսաց դասի ընտրովի խմբի հետ, դա այլևս «քննարկում» չէ։ Դա փորձ է ներխուժելու Եկեղեցու ինքնավար դաշտ, վերաձևելու ներսում ձևավորված հավասարակշռությունները և իշխանական լոյալությամբ պայմանավորելու եկեղեցական կյանքը։
Այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, թե «Հայաստանյայց Եկեղեցին այսօր կաթողիկոս չունի»։ Հիմա այդ նույն ուղերձը վերածվում է գործողության՝ փակ սրահներում «ընտրյալների» հետ հանդիպումներով։
Սա այլևս միայն եկեղեցու ճգնաժամը չէ։ Սա պետություն-եկեղեցի հարաբերությունների վտանգավոր շրջադարձ է, որտեղ քաղաքական շահը փորձում է գերակայել հոգևոր ինքնության նկատմամբ։
Եվ եթե այս ուղին չկասեցվի, մենք կարող ենք կանգնել ոչ միայն ինստիտուցիոնալ քայքայման, այլև հասարակական նոր բևեռացման առաջ՝ հավատքի դաշտի քաղաքականացմամբ։
Հարցն այլևս պարզ է․ ո՞վ է որոշելու մեր հոգևոր կյանքի ապագան՝ ժողովուրդն ու եկեղեցի՞ն, թե՞ իշխանության տակտիկական հաշվարկները»։

Աղբյուրը`   Դավիթ Անանյան