Շաբաթ, 29 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Քաղաքական հաշվարկները, որոնք հիմնված են վարկաբեկման վրա, այլևս չեն աշխատում»․ Տիգրան Դումիկյան

«Քաղաքական հաշվարկները, որոնք հիմնված են վարկաբեկման վրա, այլևս չեն աշխատում»․ Տիգրան Դումիկյան
81
Այսօր, 00:30

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հերթական ձախողված շոուն․
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ՀԷՑ-ի ՔՊ-ական ժամանակավոր կառավարչի հետ հերթական ձախողված շոուն բեմադրեց՝ իրեն բնորոշ ձևով փորձելով անգամ անհիմն իրավական գնահատականներ հնչեցնել՝ այդ կերպ, ինչպես բազմիցս, փաստորեն ուղղորդելով նաև իրավապահ մարմիններին։
Նարեկ Կարապետյանի օպերատիվ, փաստարկված և հանգամանալից արձագանքից հետո ոչ միայն երևաց այդ ներկայացման սնանկությունը, այլև ցույց տրվեց, թե որքան հեռու է պատրաստ գնալ իշխանությունը՝ հանուն սեփական աթոռի պահպանման։ Նույնիսկ տևական ժամանակ անց, ի վիճակի չեղան թեկուզ մեկ հակափաստարկ հերքելու։
Ակնհայտ է, որ այս ողջ պատմության իմաստն ազգային բարերար, «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանին ևս մի քանի ամիս ճաղերի հետևում պահելն է, որպեսզի աշխատեն գալիք համապետական ընտրություններում բոլոր հնարավոր միջոցներով վերարտադրվելու ուղղությամբ։ Իսկ քաղաքական առաջիկա գործընթացներում իշխանության ձևավորման գլխավոր հավակնորդին՝ Սամվել Կարապետյանին, «ռուսական գործակալ» կամ «էմիսար» ներկայացնելու անհաջող փորձից հետո, երբ հասկացան, որ այդ պիտակավորումը հասարակության մեջ չի ձևավորում սպասված ընկալումները, իշխանությունն ընտրեց նոր մարտավարություն՝ հանդես գալով թալանի, փողերի լվացման և այլ ծանր մեղադրական մտացածին ձևակերպումներով։ Բայց հանրությունը չի հավատում այդ պնդումներին ևս, որովհետև Կարապետյանը տարիներ շարունակ ընկալվել է որպես արժեհամակարգի կրող՝ հայրենիքին ծառայելու իր օրինակով։ Հետևապես, այն գործիքակազմը, որն ընտրել են ազգային բարերարի դեմ պայքարում, գործում է միմիայն իրենց դեմ, քանի որ Փաշինյանին ու իր թիմին թյուրիմացաբար թվում է, թե թալանի և անօրինական հարստացման հոդվածներով հարուցված գործերի շարքում կարելի է «տեղավորել» նաև Սամվել Կարապետյանին, իսկ ժողովուրդը միամտաբար խայծը կուլ կտա։ Բայց արի ու տես, որ թե՛ սոցիալական ցանցերում մարդկանց արձագանքները, թե՛ հասարակական հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը բացեիբաց մերժում է իշխանության այս մոտեցումը։
Քաղաքական հաշվարկները, որոնք հիմնված են վարկաբեկման, մեղադրանքների ինստրումենտալացման և տեղեկատվական մանիպուլյացիաների վրա, այլևս չեն աշխատում Հայաստանում։ Այս գործընթացի հետևանքով Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը կանգնած են մի փակուղու առաջ, որտեղ հանրային վստահությունն ամբողջությամբ խարխլված է, իսկ ստեղծված քաղաքական ճգնաժամն օր-օրի խորանում է։
Ուստի կասկած չկա, որ փոփոխությունների ժամանակը վաղուց հասունացել է։ Եվ ընդամենը մի քանի ամիս անց ժողովուրդը իր վճռական «ոչ»-ը կասի այն վարչակարգին, որը արտաքին և ներքին քաղաքականության մեջ ստեղծել է միայն անկայունություն ու խառնաշփոթ, բայց շարունակում է պայքարել նոր ձախողումների քարտ-բլանշ ստանալու համար»։

Աղբյուրը`   Տիգրան Դումիկյան