Երեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Փոքրիկ խմբակն ու նրա հետ դաշնակցող հոգևորականները հանրային վստահության շտեմարանում պարտված են». Տիգրան Դումիկյան

«Փոքրիկ խմբակն ու նրա հետ դաշնակցող հոգևորականները հանրային վստահության շտեմարանում պարտված են». Տիգրան Դումիկյան
112
Այսօր, 01:06

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի հակաեկեղեցական «ձևը»
Իշխանություն-եկեղեցի հարաբերություններում շարունակվող իրադարձությունների շղթան, այդ թվում՝ ուժայինների միջոցով Աստծո տանը հարցեր «լուծելու» մեթոդները, մեկ անուն ունեն՝ Փաշինյանի «ձև»։
Վեհափառ Հայրապետի դեմ նախաձեռնված արշավը դեռ առաջին փուլից ի վեր բացահայտեց իր գաղափարական սնանկությունը։ Հանրության լայն շերտերը շատ արագ ըմբռնեցին այդ գործընթացի իրական էությունը՝ այն համարելով անընդունելի և մտահոգիչ։ Հատկանշական է, որ որքան Փաշինյանի հակաեկեղեցական պայքարը վտանգավոր է եկեղեցի-իշխանություն հարաբերությունների տեսանկյունից, նույնքան դրական ազդեցություն է թողել եկեղեցի-ժողովուրդ կապի վրա։ Որպես օրինակ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) այս տարվա հարցման արդյունքներով՝ քաղաքացիների 58 տոկոսը գոհունակություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուց, ինչը 10 տոկոսային կետով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Նույն հետազոտությունը ընդգծում է՝ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ նախաձեռնած գրոհը հանրային աջակցություն չի ստացել։
Պետք է նշել նաև, որ ՄՀԻ տվյալներով՝ 18–35 տարեկան հայաստանցիների 54 տոկոսը, իսկ միջին տարիքի քաղաքացիների 52 տոկոսը համոզված են, որ երկրի զարգացումը սխալ ուղղությամբ է ընթանում։
Այնուամենայնիվ, որոշ բարձրաստիճան հոգևորականներ, որոնց մի մասի անունները մամուլում նախկինում կապվել են կասկածելի պատմությունների հետ, նախ հանդես եկան վիճահարույց հայտարարությամբ, ապա այցելեցին կառավարության շենք՝ Փաշինյանին փաստացի հայտնելով իրենց համերաշխությունը։ Հետաքրքիր է, որ այդ հոգևորականները, որոնց վարչապետը կոչեց «առողջ ուժեր», իրենց քայլով ոչ միայն դավաճանեցին հոգևոր միաբանության սկզբունքները, այլև որևէ խոսք չասացին կալանավայրերում գտնվող իրենց հոգևոր եղբայրների ազատության մասին։
Ու հանուն արդարության պետք է նշել, որ անկախ այն հանգամանքից, թե այդ հոգևորականները ինչ ճնշման կամ կոմպրոմատի հետևանքով են հայտնվել այդ տխուր վիճակում, Մայր Աթոռը ևս լուրջ անելիքներ ունի, քանի որ ինչպես Ավետարանն է ասում, չկա բարի ծառ, որ չար պտուղ տա, և չկա չար ծառ, որ բարի պտուղ տա։ Սակայն հարկ է ընդգծել, որ եկեղեցու առողջացման և ներքին կարգապահության հարցերը պետք է լուծվեն հենց Եկեղեցու ներսում՝ կանոնական իրավակարգի շրջանակներում, և ոչ թե պետության կողմից կիրառվող քաղաքական ճնշումների միջոցով։
Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավը շատ կարճ ժամանակում ամբողջությամբ բացահայտեց թե՛ իշխանությունների իրական նպատակադրումները, թե՛ որոշ ազդեցիկ հոգևորականների վարքագծային մոտիվացիաները։ Միևնույն ժամանակ, այն ընդգծեց հասարակության լայն շերտերի՝ ազգային ու հոգևոր ինքնության պաշտպանության հարցում ցուցաբերած դիմադրողականությունն ու հաստատակամությունը։
Փորձությունը դեռ ավարտված չէ, և հավանական է, որ առաջիկայում այն նոր թափ կստանա։ Սակայն անկախ այն բանից, թե ինչ ուղղությամբ կշարունակվի, իշխանական պատասխանատվություն կրող փոքրիկ խմբակը և նրա հետ դաշնակցող հոգևորականներն արդեն իսկ հանրային վստահության շտեմարանում անխուսափելիորեն պարտված են»։

Աղբյուրը`   Տիգրան Դումիկյան