«Այսօր Կիրանցը բոլորովին այլ կետի է վերածվել»․ Թաթուլ Հակոբյան
130
Այսօր, 10:12
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խորհրդարանում Հայաստանի վարչապետը դեկտեմբերի 3-ին հայտարարեց, որ ինքը ամիսներ առաջ այցելել է Կապանի Ճակատեն գյուղ, որտեղ մարդիկ հարցրել են՝ ե՞րբ եք մեզ մոտ էլ սահմանազատում իրականացնելու, ինչպես Կիրանցում: Նույն տրամադրություններն են նաև Տավուշի սահմանային գյուղերում: Մարդիկ խաղաղություն են ուզում, որովհետև, ի տարբերություն քաղաքական գործիչների ու սահմաններից հեռու ապրող մեր հայրենասերների, հասկանում են, որ ցավալի ու այս պահի դրությամբ անդառնալի պարտություն ենք կրել, և այլընտրանք չունենք, քան համակերպվել իրողություններին: Կիրանցը պետք է դառնար, ըստ մեր ընդդիմության, սրբազան շարժման կետը՝ Ոսկեպարից՝ Արցախ: Բայց այսօր Կիրանցը բոլորովին այլ կետի է վերածվել: Հավանաբար գիտեք, որ գրեթե ամեն շաբաթ կառավարությունն իր միջոցներով այստեղ ուղեկցում է տարբեր խմբերի, ցույց տալիս Կիրանցի նորակառույց դպրոցը, Կիրանցի պատն ու փշալարը, Կիրանցի պաշտպանական դիրքերը, Ոսկեպար-Բաղանիս ավտոմայրուղին, որտեղ մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կանգնած են հայ և ադրբեջանցի սահմանապահները: Մենք կարող ենք հազար անգամ ասել, որ ճանապարհը տվեցինք, կամուրջը տվեցինք, հեկտարներով հողերը տվեցինք, Բաղանիս-Այրումի ու Ներքին Ոսկեպարի կեսը, Խեյրիմլին ու Կըզըլ Հաջիլին տվեցինք… Եթե մեկուկես տարի առաջ այս իրողությունը ազդում էր հայ հասարակության վրա, ապա այսօր չի ազդում: Ավելին, նախկինում պարտության խորհրդանիշ Կիրանցը Հայաստանի իշխանությունները կարողացել են վերածել խաղաղության ու ռացիոնալության խորհրդանիշի: Մարդկանց վրա ադրբեջանական դրոշներն ու այդ դրոշի կանաչն այլևս չի ազդում: Մեր ընդդիմությունը այլընտրանք չի առաջարկում Փաշինյանի խաղաղության օրակարգին: Սա պետք է տեսնել ու հասկանալ: Փաշինյանը խաղաղության օրակարգով է գնում ընտրությունների, մինչդեռ ընդդիմությունը այլընտրանք ուղղակի չի առաջարկում: Փաշինյանի ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օրակարգը լիովին ընդունելի է նաև մեր հարևանների ու խոշոր խաղացողների համար: ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան, Ադրբեջանը և անգամ Ռուսաստանը հարց չունեն Փաշինյանի հետ: Նրանք բացահայտ կամ թաքուն ցանկանում են Փաշինյանի վերընտրությունը, իսկ ընդդիմությանը նայում են որպես ռևանշիստներ: Այսօր Ուկրաինա ներխուժած Ռուսաստանն անգամ հաշտ է Փաշինյանի ընտրության հետ, որովհետև փորձում է նրա վրա բարդել Արցախի պարտությունն ու հայաթափումը և իր վրայից հանել դաշնակցային պարտավորությունների չկատարման մեղադրանքները, որ բացահայտ կամ ոչ բացահայտ ներկայացնում են հայ հասարակության շատ տարբեր, այդ թվում՝ ռուսամետ խավեր: Կիրանցի պատը կարելի համարել պարտության, խաղաղության, անգամ լացի պատ՝ նայած, թե ինչ տեսանկունից ենք մոտենում իրողություններին»: