Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Փորձ է արվում քողարկել մարդածին գործոնների ազդեցությունը և քաղաքային թերի կառավարման հետևանքները». Այսեր Ղազարյան

«Փորձ է արվում քողարկել մարդածին գործոնների ազդեցությունը և քաղաքային թերի կառավարման հետևանքները». Այսեր Ղազարյան
214
Երեկ, 18:42

Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անդրադարձ Երևանի օդի աղտոտվածության և կանաչապատման մասին քաղաքապետի հայտարարությանը
1. Օդի աղտոտվածության մասին
Թեև քաղաքապետի պնդումները բնական և աշխարհագրական գործոնների վերաբերյալ որոշակիորեն ճշմարիտ են, դրանք ներկայացվում են մանիպուլյատիվ համատեքստում։ Իշխանությունները, խնդիրը որակելով որպես «բնական» իրողություն, փորձում են բնակիչների մոտ տպավորություն ստեղծել, թե օդի աղտոտվածությունն անխուսափելի է՝ պայմանավորված լոկ աշխարհագրական դիրքով։ Նման մոտեցմամբ փորձ է արվում քողարկել մարդածին գործոնների ազդեցությունը և քաղաքային թերի կառավարման հետևանքները։ Խնդիրը «բնական» կոչելով՝ նրանք փորձում են խուսափել պատասխանատվությունից։
Ցավոք, քաղաքապետն ու իր թիմը հետևողականորեն «թերագնահատում են» իրական պատճառները։ Երևանի օդի աղտոտվածության հիմնական պատճառը մարդու չկանոնակարգվող և անվերահսկելի գործունեությունն է, իսկ բնակլիմայական պայմանները ոչ թե ստեղծում, այլ ընդամենը սրում են այն խնդիրը՝ ավելի ուժեղացնելով վտանգավոր ազդեցությունը:
2. Կանաչապատման ոլորտի խնդիրների հետ կապված
Քաղաքապետի հայտարարությունները «պատմական ծավալի» կանաչապատման մասին հիմնված են իրավական հիմք չունեցող տերմինների վրա։ Շրջանառվող «ուրբան անտառներ» և «ագրո անտառներ» հասկացությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն, ինչը ստեղծում է իրավական անորոշություն։ վերջինս անհնար է դարձնում այդ տարածքների պահպանման և կառավարման իրավական վերահսկողությունը։
Առաջանում է օրինաչափ հարց՝ առկա՞ են արդյոք այդ տարածքների հաստատված քարտեզները և անտառապատման նախագծերը/ ծրագրերը։ Եթե այո, ապա դրանք պետք է հրապարակվեն։ Այս պահանջը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Երևանի նոր հաստատված գլխավոր հատակագծի հետ կապված ռիսկերը՝ մասնավորապես մտահոգությունս պայմանավորված է Երևան քաղաքի նոր հաստատված գլխավոր հատակագծի հետ առկա հնարավոր հակասություններով։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, թե իբր 1 շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը հասել է 8.5 քմ-ի՝ մոտենալով ԱՀԿ նորմատիվին, ապա գործ ունենք հերթական մոլորության հետ։ Պարոն Ավինյանն ու քաղաքապետարանի փորձագետները պետք է իմանան, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երբևէ չի սահմանել «1 շնչին՝ 9 քմ» պարտադիր նվազագույն չափաքանակ»:

Աղբյուրը`   Այսեր Ղազարյան