Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Բաքվից հնչեցին նոր նախապայմաններ»․ Թաթուլ Հակոբյան

«Բաքվից հնչեցին նոր նախապայմաններ»․ Թաթուլ Հակոբյան
103
Այսօր, 11:24

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և, մասնավորապես, Մայր օրենքից Անկախության Հռչակագրին հղումը հանելը Ադրբեջանի միակ նախապայմանը չէ:
Անցնող օրերին Բաքվից հնչեցին մի շարք նոր նախապայմաններ: Փաստորեն, ոչ միայն առաջ են տանում Հայաստան ադրբեջանցիների վերադարձի խոսույթը, շարունակում Հայաստանը անվանել Արևմտյան Ադրբեջան, այլ պահանջում, որ մենք չխոսենք Արցախ վերադարձի մասին:
Ադրբեջանը դժգոհում է նաև, երբ Հայաստանի և երրորդ երկրի կամ կազմակերպության միջև ստորագրված փաստաթղթում անուղղակի հիշատակվում է Բաքվում պահվող հայ գերիների թեման:
Հարևան պետության արտգործնախարարությունը հիշեցրել է, որ Երևանն իր գործողություններով կասկածի տակ է դնում Վաշինգտոնի համաձայնությունները:
Մեկ այլ մտահոգիչ հայտարարություն չդարձավ լրատվամիջոցների քննարկման նյութ:
Նախագահ Ալիևի օգնական Հաջիևը Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկում-բանավեճի ընթացքում մի քանի անգամ կրկնեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը:
Բացի այդ, Ալիևը մասնակցեց մի հավաքի, որտեղ քննարկվող թեման ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի ու այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հարցերն էին:
Մի կողմից՝ Ադրբեջանը թվացյալ կառուցողական քայլեր է անում Երևանի ուղղությամբ, ինչպես իր տարածքով ցորենի փոխադրման թույլտվությունն է դեպի Հայաստան (Վրաստանով) և էներգակիրների սպասվող վաճառքը (գները կարևոր են), մյուս կողմից՝ առաջ քաշում նորանոր նախապայմաններ:
Հայաստանում, սակայն, ադրբեջանական պահանջներն ու վերջնագրերը չեն դառնում լայն քննարկման նյութ: Փոխարենը, առաջնային են շարունակում մնալ Պետություն-Եկեղեցի հարաբերություններն ու Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու իշխանությունների վճռականությունը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան