Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ճիպոտահարելու առաջարկն ավտորիտարիզմի տրամաբանության անկեղծ վերարտադրություն է»․ Հակոբ Բադալյան

«Ճիպոտահարելու առաջարկն ավտորիտարիզմի տրամաբանության անկեղծ վերարտադրություն է»․ Հակոբ Բադալյան
100
Այսօր, 00:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հանրային խորհրդի անդամը, որը նաև տիկնիկայի թատրոնի տնօրեն է, առաջարկում է մտրակի հարված հասցնել Միքայել Սրբազանին, որ նա «հիմար, հիմար» չխոսի:

Մի անգամ ես արդեն իսկ անդրադարձել եմ այս հանրային գործչի հանրայնորեն արտահայտվող մտքերին, որոնք անթաքույց նպատակը իշխանահաճությունն է, ոչ ավելի:

Որովհետև, հակառակ պարագայում, մարդը չի արտահայտի այն մտքերը, որ արտահայտում է: Ես խորապես համոզված եմ, որ դրանք անմտորեն արտահայտվող մտքեր չեն, որովհետև այդ «մտքերի» հեղինակը մտածելու ունակ մարդ է: Այլ հարց է, թե նա ինչ է մտածում, և ինչու
է այդպես մտածում: Այստեղ է, որ իմ համոզմամբ՝ բանն իշխանահաճությունն է:

Հակառակ պարագայում նա իհարկե չէր էլ հայտնվի Հանրային խորհուրդ կոչվող մարմնում: Ես բազմիցս ասել եմ, որ չի կարող Նիկոլ Փաշինյանը երկրում գնալ ավտորիտարիզմի տրամաբանությամբ կառավարման, բայց ձևավորել իրապես Հանրային խորհուրդ: Այդ խորհրդում կարող են հայտնվել մարդիկ, որոնք տարբեր կերպ, տարբեր փաթեթավորումով, տարբեր աստիճանով, բայց լոյալ են նրա ավտորիտար մտածողությանն ու գործելաոճին:

Իսկ այդ իմաստով, վերոհիշյալ մտքի հեղինակը՝ թող չհնչի տարօրինակ, նույիսկ արժանի է դրվատանքի՝ այդ ավտորիտարիզմի տրամաբանության առավել բաց ու անկեղծ վերարտադրության համար, ի տարբերություն գուցե շատերի, որոնք լուրջ դեմքով կարող են խոսել հանրայնության, իրավականության, ժողովրդավարականության մասին՝ իհարկե աներեր պահելով մի մտայնություն, որ այդ ամենը բացառապես Նիկոլ Փաշինյանի կենսագործունեության հանդեպ լոյալության դաշտում է, իսկ դրանից դուրս գտնվող ամեն ինչ՝ այդ իրավականությանը, ժողովրդավարականությանն ու հանրայնությանը սպառնալիք, մարտահրավեր, որը պետք է «գլխատել»:

Այնպես որ, «ճիպոտահարելը» ընդամենը ազնվության դրսևորում է, որն իրենից վտանգ չի ներկայացնում: Վտանգավոր են այն «մտքերը», որոնք պարտակված են վերամբարձ արժեքայնության ներքո, բայց վերաբերական են խիստ կոնկրետ քաղաքական կողմնորոշումների»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան