«Միթե՞ արդար չէր լինի՝ այսքան չքծնեինք Ալիևին». Թաթուլ Հակոբյան
138
Այսօր, 21:48
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևը համաներում է հայտարարում: Այս լուրը ուշադրությունս չէր գրավի, եթե այն այդքան հակահայ չլիներ: Տեսե՛ք, թե ում վրա է տարածվում համաներումը, մեջբերում եմ. ա/ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության համար մղված ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայրենական պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը անցկացված հակաահաբեկչական գործողության մասնակիցները»։ բ/ «ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների կամ անհետ կորածների մերձավոր հարազատների, ինչպես նաև այն մարդկանց վրա, որոնք հաշմանդամություն են ստացել Հայաստանի Հանրապետության կողմից խաղաղ բնակչության դեմ զինված սադրանքների հետևանքով»։ Վաշինգտոնի հայտնի հանդիպումից հետո Հայաստանում մի բան են անում, Ադրբեջանում՝ բոլորովին այլ բան: Ալիևը մեր իշխանություններին ու մեր ժողովրդին նյարդայնացնում է և սպառնում Արևմտյան Ադրբեջանի կեղծ խոսույթով ու երեք հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձով: Մերոնք, հասկանալի պատճառներով, չեն խոսում Արցախի վերադարձի ու ադրբեջանահայության՝ Ադրբեջան վերադարձի թեմայով, կասկածի տակ չեն դնում Ադրբեջանի օրինականությունը: Բայց ես չեմ հասկանում նախարարներից մեկի ու իշխանական պատգամավորներից մի քանիսի վրա-վրա հետևյալ գրառումների իմաստը. Ադրբեջանի տարածքով ալյուր է գալու, Ադրբեջանի տարածքով ալյուրը ճանապարհին է, Ադրբեջանի տարածքով ալյուրը տեղ հասավ: Ոչինչ որ բարձրորակ չէ, խոզերին կտանք, կուտեն, խոզերը ազգային զգացումներ չունեն: Հիմա էլ՝ Ադրբեջանից վառելիք ենք ուզում գնել, Պայմանավորվել ենք, որ վառելիք գնել, Մի քանի հայկական ընկերություններ ցանկանում են ադրբեջանական վառելիք գնել: Լավ է, որ հայ-ադրբեջանական տնտեսական կապեր են ստեղծվում, դա նվազեցնում է նոր պատերազմի հավանականությունը, բայց մի՞թե արդար չէր լինի այսքան չքծնեինք Ալիևին: Մենք բոլորովին մոռացել ենք, որ, մեղմ ասած, Ադրբեջանը բարեկամական պետություն չէ մեր նկատմամբ: Իր հայտարարություններով Ալիևը անդադար դա է մեզ հիշեցնում: Ճիշտ է նաև, որ մեր իշխանություններն ու իշխանական քարոզիչները աչք են փակում դրանց վրա»: