Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Ասպատակիչներից Մայր Աթոռի պաշտպանությունն օրվա հրամայական է»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

«Ասպատակիչներից Մայր Աթոռի պաշտպանությունն օրվա հրամայական է»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան
131
Այսօր, 17:12

Մայր Աթոռի հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կրակի միջից շագանակներ հանելու արվեստը․
ՀՀ իշխանությունների և նրանց սազանդար ուժերի նենգամիտ տրամաբանությունն ու ճարպկությունը հասնում է աճպարարության ճշգրտության։ Ամիսներ շարունակ ոտնատակ տալով իրավական բազմաթիվ նորմեր՝ միջամտում են եկեղեցու ներքին գործերին, արդարադատության հուղարկավորմամբ ազատազրկում են բարձրաստիճան չորս հոգևորականի, կոմպրոմատների չարահնար կիրառմամբ Վեհափառ Հայրապետի դեմ հանում են մի շարք եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների, պետական սադրիչ միջամտությամբ և քողարկված սպառնալիքով տորպեդահարում են եպիսկոպոսական ժողովի կայացումը, իշխանական բարձր հովանավորությամբ նախկին հոգևորականների խումբ են ստեղծում՝ թույն ու թարախ թափելով ամենատարբեր հոգևորականների հասցեին, հանրային հեռուստաընկերությունն ու ազգային ժողովի ամբիոնը ստի ու կեղծիքի տարածման գործիք են ծառայեցնում Մայր Աթոռի և նրա գահակալի դեմ։ Այսքանից հետո դեռ մեղադրում են քաղաքական և հասարակական գործիչներին, որոնք հայտարարել են պաշտպանելու Մայր Աթոռը և Ամենայն Հայոց Կաթողիկոսին իշխանական ասպատակությունների դեմ։
Այո՛, դուք ասպատակություն եք կազմակերպել՝ առջևի շարքերում տեղակայելով ձեր իսկ կողմից պատանդառված բարձրաստիճան հոգևորականներին։
Ասպատակիչներից Մայր Աթոռի պաշտպանությունն օրվա հրամայական է։
Ձեր անձնական, խմբակային շահերի համար, իբր թե հանուն պետական անվտանգության, պատրաստ եք տրորել բազմահազար հավատացյալների կրոնական զգացումները, արհամարհել հարյուրավոր հոգևորականների դիրքորոշումն ու ձեզ հակոտնյա կեցվածքը, անարգել մեր հոգևոր ծառայությունն ու կենսագրությունը։ Դուք գործում եք մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Ծամածռվելու կարիք չկա։
Դուք չեք կարող պարտադրանքով կառավարել մեր միտքը, մեր խոսքը, մեր զգացումները, մեր ազատությունն ու իրավունքները։ Դուք չեք կարող ձեր չափանիշներով որոշարկել մեր առաքելության կերպն ու ընթացքը։ Դուք չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել»։