Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց

Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց
127
Այսօր, 11:00

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 335 հոդվածի 1-ին մասի և 396 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննչական բաժնի քննիչները համագործակցելով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևանի քրեական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ դատարանի թույլտվությամբ խուզարկություններ են իրականացրել Երևանի բնակիչ 44-ամյա Զոհրաբ Ասատրյանի բնակության և աշխատանքի վայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարված խուզարկությունների ընթացքում Զ․ Ասատրյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ընդհանուր 0.31 գ. սպիտակ բյուրեղանման զանգված, «Զիփ» փաթեթ՝ լցված 1.08 գ. քաշով սպիտակ փոշենման զանգված և ապակյա գլանակ՝ սպիտակ հետքերով։ Զ․ Ասատրյանի բնակության վայր՝ Կուրղինյան փողոցի սեփական տան խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ, 2 պահունակ, 9 մմ տ/չ 36 հատ փամփուշտ և 1 հատ 7․62 մմ տ/չ փամփուշտ, կողային համարը մաքրված «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում առկա 2 փամփուշտով, օդամղիչ ատրճանակ, 2 տարա, որոնց մեջ առկա են եղել մանր արծաթագույն փամփուշտներ, թուր՝ պատյանով, 6 կաթոցիչ, 10 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, «Տրամադոլ» գրառմամբ 16 դեղահաբ, 2 արկղ՝ դեղնականաչավուն զանգվածով, տուփով՝ դեղահաբերով, 6 գլանակ՝ որոնց թափանցիկ հատվածներից տեսանելի է հեղուկանման զանգված և «TH» գրառմամբ դեղահաբ, փաթեթ՝ 1․26 գ. դեղնականաչավուն զանգվածով, տարրա՝ խոտանման հետքերով, ապակե գլանակ՝ մոխրացած հետքերով, 2 փաթեթ՝ դեղնականաչավուն հետքերով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Զ․ Ասատրյանին իրավապահները հայտնաբերել են նույն օրը Վանթյան 61 հասցեում, որտեղից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու և ապօրինի զենք զինամթերք պահելու, կրելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք է ավտոքարշակների միջոցով տեղափոխվել Զ․ Ասատրյանի կողմից շահագործվող «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։