«Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք»․ Արսեն Բաբայան
117
Այսօր, 12:54
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք․ Վերջին տարիներին հանրությանը հայտնի քրեական վարույթներում հաճախ հանդիպում եմ մի մտահոգիչ օրինաչափության․ խոսքի կամ արտահայտման դրսևորումը փորձ է արվում քրեականացնել «խուլիգանության» միջոցով։ Թեև «խուլիգանությունը» նախատեսված է հանրային կարգի իրական խախտումները քրեորեն գնահատելու համար, գործնականում այն երբեմն օգտագործվում է ոչ թե հասարակական անվտանգությունը պաշտպանելու, այլ՝ անհարմար խոսքը լռեցնելու նպատակով։ Դատական գործերից մեկում, որտեղ ներգրավված եմ որպես պաշտպան, մեղադրանքը կառուցված էր հետևյալ տրամաբանությամբ․ • անձը հրապարակային վայրում բարձրաձայն արտահայտել է քննադատական, սուր, բայց ոչ բռնարար կարծիք, • ֆիզիկական բռնություն չի կիրառվել, • գույքային վնաս չի պատճառվել, • սակայն մեղադրանքը ձևակերպվել էր որպես «հանրային կարգի կոպիտ խախտում՝ հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքով»։ Այլ կերպ ասած՝ փորձ էր արվում խոսքը ներկայացնել որպես հանցագործություն։ Եվրոպական դատարանը տարիներ շարունակ ձևավորել է հստակ մոտեցում․ • խոսքի ազատությունը պաշտպանում է նաև սուր, վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող արտահայտումները, • պետությունը չի կարող օգտագործել քրեական հարկադրանքը՝ քննադատությունը պատժելու համար, • «հանրային կարգը» չի կարող լինել բացարձակ, ամեն ինչ կլանող հիմնավորում։ Եթե չկա իրական բռնություն, վտանգ կամ ուղղակի կոչ ֆիզիկական հաշվեհարդարի՝ քրեական հետապնդումը դառնում է անհամաչափ միջամտություն։ Ինչու է սա վտանգավոր պրակտիկա. Երբ «խուլիգանության» սահմանները մշուշոտ են՝ • ցանկացած բարձր խոսք կարող է որակվել որպես հանցագործություն, • քաղաքացին սկսում է ինքնագրաքննել իրեն, այդպիսով վտանգվում է խոսքի ազատության երաշխիքները, • քրեական իրավունքը կորցնում է իր վերջին միջոց լինելու բնույթը։ Սա այլևս իրավական հարց չէ միայն։ Սա իրավական պետության որակի կամ դրա ամբողջական ոչնչացման հարց է։ Որպես քրեական ուղղությամբ մասնագիտացած փաստաբան՝ համոզված եմ․ խոսքը պետք է պաշտպանվի, ոչ թե քրեականացվի։ Դատարանի դերը ոչ թե անհարմար արտահայտությունը պատժելն է, այլ սահմանել՝ որտեղ է ավարտվում խոսքը և որտեղ է սկսվում իրական վտանգը։ Այսպիսով. - Եթե հանրային կարգի պաշտպանության անվան տակ քրեականացնում ենք խոսքը, ապա վաղը նույն գործիքը կարող է կիրառվել ցանկացածի նկատմամբ։ - Իրավական պետությունը սկսվում է այն կետից, որտեղ իշխանությունը կարողանում է ուժ գտնել և չպատժել խոսքի համար»։