Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Քաղաքական պաշտոն զբաղեցրած անձանց շուրթերից քարոզվում է թշնամական քարոզչություն»․ Տարոն Սիմոնյան

«Քաղաքական պաշտոն զբաղեցրած անձանց շուրթերից քարոզվում է թշնամական քարոզչություն»․ Տարոն Սիմոնյան
127
Այսօր, 15:18

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդամենը մի քանի օրից կավարտենք 2025թ-ը։
Միգուցե այս ընթացքում անձնական ու գործնական կյանքում ինչ-որ ձեռքբերումներ ունեցած լինենք, բայց չենք կարող չգիտակցել մեր գոյության կիսատությունը, քանի դեռ՝
․ մեր հայրենակիցները գտնվում են ապօրինի ազատազրկման ու ինտենսիվ խոշտանգումների մեջ թշնամի ադրբեջանական պետությունում, որով վերջինս նպատակ ունի նվաստացնել ու զրկել մեզ ազգային արժանապատվությունից՝ չհաշված իրավաքաղաքական մյուս հետևանքները, որ դեռ նախապատրաստում է,
․ մեր հայրենակիցները գտնվում են ապօրինի ազատազրկման մեջ մեր իսկ՝ Հայաստանի Հանրապետությունում, միայն նրա համար, որ համառություն են ունեցել չհրաժարվել և պաշտպանել ազգային արժանապատվությունն ու ազգային առաքելական եկեղեցու հավատքի անսասանությունը,
․ մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության տարածքներից մի զգալի հատված գտնվում է թշնամի ադրբեջանական պետության ապօրինի օկուպացիայի տակ,
․ մեր պետության՝ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է թշնամի ադրբեջանական պետության ապօրինի օկուպացիայի տակ, իսկ մեր հայրենակիցները զրկված են իրենց տներում ապրելու, իրենց հողը մշակելու և իրենց նախնիների գերեզմաններին այցելելու իրավունքից,
․ մեր պետությունում՝ մեր (անընդհատ բարձրացող) հարկերից վճարվող, քաղաքական այս կամ այն պաշտոնը զբաղեցրած անձանց շուրթերից քարոզվում է թշնամական՝ ադրբեջանաթուրքական ռազմավարական նշանակության քարոզչություն, իրականացվում է հայ ազգային ինքնապահպանության բնազդի վերջին մնացորդների վերացում (այդ թվում՝ փողով և ստամոքսով թմրեցնելու ճանապարհով), որի տեսանելի նպատակը հայկական պետականության և ընդհանրապես՝ հայկականության հինգհազարամյա հետքի բոլոր դրսևորումների վերացումն է, դրա փոխարինումը օղուզական ցեղի հորինված իրավունքներով,
․ մեր պետությունում այդ նույն քաղաքական այս կամ այն պաշտոն զբաղեցրած անձինք անվանարկունից սկսած մինչև ազատազրկման գործիքներով սպառնում ու դրանք օգտագործում են բոլոր հայերիս դեմ, եթե համարձակվում ենք հայկական ազգային ու հայկական քրիստոնեական հավատքին առնչվող պաշտպանական դիրքերից հանդես գանք, և որ շատ հետաքրքիր է՝ այդ մարդիկ նպատակ ունեն վերարտադրվեն հաջորդ տարի, որ նպաստեն վերոնշյալ դրույթների շարունակությանը ․․․
Եթե մեր գիտակցությունը չի մերժում իրականությունը և պատրաստ է նորից սկսել իրենում արժանապատվության վերականգնման աշխատանքները, ուրեմն մենք պիտի անցնենք քաղաքական հասունության անհրաժեշտ սահմանը և որոշենք, որ հնարավոր չէ անգամ անձնական երջանկություն, եթե չենք լուծել առնվազն վերոնշյալ կետերը․․․
Հաջորդ տարի գոնե սկսենք վերջինից ․․․»։

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան