«Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել». Սուրեն Սուրենյանց
125
Երեկ, 23:12
Պերմանենտ կապիտուլյացիայի մոդել Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր «մեծագույն պարտավորությունը»՝ բացել Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան։ 2021 թվականի օգոստոսին ընդունված կառավարության ծրագրում «խաղաղ զարգացման դարաշրջանը» ներկայացվում էր՝ որպես բովանդակային և նպատակային խաղաղություն։ Այն ենթադրում էր ոչ միայն ռազմական գործողությունների դադար, այլև Արցախի հարցի քաղաքական լուծման շարունակություն, անվտանգության համակարգի վերականգնում և պետական շահերի պաշտպանություն։ Այդ ժամանակաշրջանում իշխանության խոսույթում առկա էին Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի, ինչպես նաև Արցախի անկախության հնարավոր սցենարների վերաբերյալ ուղիղ կամ անուղղակի ակնարկներ՝ անգամ Կոսովոյի նախադեպի հղումներով։ Այսօր նույն ձևակերպումը գործածվում է արդեն բոլորովին այլ իմաստով։ «Խաղաղությունը» սահմանվում է՝ որպես սահմանային հարաբերական լռություն, որը պայմանավորված չէ ինստիտուցիոնալ համաձայնություններով, իրավական պարտավորություններով կամ միջազգային երաշխիքներով։ Խաղաղության պայմանագիր չկա, սահմանազատման և սահմանագծման գործընթացները չեն ավարտվել, իսկ Ադրբեջանը շարունակաբար առաջ է քաշում նոր պահանջներ՝ դրանք ուղղակիորեն կապելով պայմանագրի ստորագրման հետ։ Այն հանգամանքը, որ տվյալ պահին սահմանին չեն կրակում, ինքնին խաղաղություն չէ, երբ այդ վիճակը ձեռք է բերվում միակողմանի զիջումների միջոցով։ Այս իրավիճակում հակառակորդը փաստացի ստացել է գրեթե ամեն ինչ (այդ թվում՝ Արցախը) և միաժամանակ պահպանել է նոր պահանջներ ներկայացնելու լիակատար ազատություն։ Փաշինյանի ներկայացրած խաղաղության մոդելը կառուցված է ոչ թե փոխադարձ պարտավորությունների, ուժերի հավասարակշռության և զսպման մեխանիզմների, այլ մշտական նահանջների տրամաբանության վրա։ Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել, որի պայմաններում պետությունը աստիճանաբար կորցնում է իր բանակցային սուբյեկտայնությունը, իսկ հասարակությանը ներկայացվում է «խաղաղության» անվան տակ ձևավորված քաղաքական պատրանք։ Եթե «խաղաղ զարգացման դարաշրջան» ասելով նկատի է առնվում պատերազմից հետո ձևավորված իրականության հետ հարմարվելը՝ պետական և ազգային շահերի հաշվին, ապա նման մոտեցումը հնարավոր է ներկայացնել որպես կատարված խոստում։ Սակայն եթե խոստումը վերաբերում էր արժանապատիվ, կայուն և ինստիտուցիոնալ խաղաղությանը, ապա այն ոչ միայն չի իրականացվել, այլ փաստացի փոխարինվել է պերմանենտ կապիտուլյացիայով»: