Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Այսքան արյունն այսպես հեշտ, ջրի տեղ չպիտի մարսեինք»․ Թաթուլ Հակոբյան

«Այսքան արյունն այսպես հեշտ, ջրի տեղ չպիտի մարսեինք»․ Թաթուլ Հակոբյան
99
Այսօր, 13:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարևան հանրապետությունից ներկրված բենզինը վաճառվում է հերթի տակ: Սա, իհարկե, անսպասելի չէր, անսպասելին այն էր, որ այն վաճառքի է դրվել նույն կարգի ռուսական/այլ բենզիններից մոտ 90 դրամով էժան:
Ինչու այսքան էժան, երբ կարելի էր 10 դրամ էժան դնել միայն: Կասկած չունեմ, որ անգամ 10 դրամ էժան դնելու դեպքում մեր վարորդները նախընտրելու էին ադրբեջանականը:
Նույնն է նաև թուրքականի դեպքում: Հարյուր տարի հայհոյում, մեղադրում, պիտակում ենք թուրքին, բայց գնում ենք թուրքականը, հանգստանում Անթալիայում:
Ես չեմ քննդատում նրանց, ովքեր գնում են ադրբեջանական բենզին կամ հանգստանում են Անթալիայում: Իմ խնդիրն ուրիշ տեղ է. հրապարակային ասում ենք մի բան, իրականում անում բոլորովին հակառակը:
Բայց նաև մտածում եմ, որ մեր արժանապատվությունից և ինքնասիրությունից բան չի մնացել:
Հիմա կասեք՝ ինչու ես դեմ հայ-ադրբեջանական համակեցությանը, հարաբերությունների կարգավորմանը: Դեմ չեմ, Աստծու սիրուն: Բոլորովին դեմ չեմ, պարզապես մտածում եմ, որ այսքան արյունը, այս արհավիրքն այսպես հեշտ, ջրի տեղ չպիտի մարսեինք:
Կարող ես վատ ապրել, կարող ես մեջք ծռել, կարող ես ընդունել հաղթողի պայմանները, վերջնագրերն ու ծաղրուծանակը, բայց ունենալ մի քիչ արժանապատվություն ու մի քիչ էլ ինքնասիրություն:
Քանի տեղն է եկել՝ հիշեցնեմ մեկ այլ դեպք Արցախի հայաթափումից: Փաստացի, սա երկրորդ դեպքն է, որ հայերս վերցնում ենք ադրբեջանական բենզինը: Նախորդը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերին, ճիշտ է՝ բոլորովին այլ պայմաններում:
Եվլախում Արցախի բանագնացները ադրբեջանական կողմի հետ քննարկել են ադրբեջանական բենզին ստանալու հնարավորությունը: 120 հազար հայերը պետք է փրկվեին և օրերի ընթացքում, թողնելով իրենց հայրենիքը, անցյալը, ունեցվածքը, Հակարիի կամրջով անցնեին ՀՀ:
Սակայն պարզվեց, որ Արցախում չկա բավարար չափով վառելիք, որպեսզի կարողանան դուրս գալ: Եվլախի հանդիպման ընթացքում Ադրբեջանը 120 տոննա բենզին է խոստանում, իսկ հետագայում նաև՝ երեք մեքենա առաջին անհրաժեշտության պարագաներ Ստեփանակերտի պայթյունից տուժածներին:
Ահա մեր մոտիկ անցյալի պատմության ողբերգականությունը:
Ադրբեջանը 120 տոննա բենզինը անվճար է տրամադրել:
Մի քանի օր առաջ Հայաստան ներկրված բենզինը անվճար չէր, բայց էժան էր:
Հետո թանկանալու է»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան