«Նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց՝ ի պաշտպանություն Մաշտոցի պատկերի վերականգնման»․ Մեսրոպ Հովհաննիսյան
111
Այսօր, 21:48
«Այբ-Արարատ մշակութային նախաձեռնության» հիմնադիր Մեսրոպ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տարածել է «Այբ-Արարատ մշակութային նախաձեռնության» պաշտոնական հայտարարությունը, որում նշված է․ Սրտանց շնորհավորում եմ «Այբ Արարատ» մշակութային նախաձեռնության բոլոր մասնակիցներին՝ հայրենիքին ու հայի ինքնությանը նվիրված իրենց ազնիվ, համարձակ և պատասխանատու քայլի համար։ Մենք ապացուցեցինք, որ հայրենիքը սիրում են ոչ միայն խոսքով, այլև՝ գործով, կամքով ու նվիրումով։ Շնորհավորում եմ նաև հայոց մանկավարժներին և աշակերտներին, քանզի այս նախաձեռնությունը նախևառաջ նրանց արժեհամակարգի, ինքնության ու կրթական ակունքի պաշտպանության համար էր։ Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Հայրենիք» կուսակցության նախագահ պարոն Արթուր Վանեցյանին և կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ երիտասարդության ձայնին վստահելու և նախաձեռնության իրականացման ճանապարհին բարոյական աջակցություն ցուցաբերելու համար։ «Այբ Արարատ» նախաձեռնությունը կարևոր, նշանակություն ուներ հայ ազգի համար որովհետև այն ուղղված էր հայի ինքնության հիմնասյունը՝ Հայոց ԱՅԲ-ը պաշտպանելուն։ Մեր նպատակն ու պահանջը մեկն էր և հստակ՝ վերացնել այբենարաններում կիրառվող QR կոդը և վերականգնել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ իր իսկ կրծքին դրված ձեռքի խորհրդանշական կերպարանքով ու ստեղծած Այբով, հենց այբենարանի առաջին էջում՝ այնտեղ, որտեղ սկիզբ է առնում հայոց գիրը, միտքը և ինքնությունը։ Ուրախությամբ արձանագրում եմ, որ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց՝ ի նպաստ հայ դպրության, ի պաշտպանություն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերի վերականգնման, և ամենակարևորը՝ հանուն այն գալիք սերնդի, որը պետք է բացի իր առաջին գիրքը և այնտեղ տեսնի հայոց գրերի ստեղծողին՝ Մեսրոպ Մաշտոցին։ Մենք վստահ ենք, որ վաղվա Հայաստանը կկերտվի գիտակից, արմատներով ամուր և կամքով ուժեղ երիտասարդների ձեռքով։ Թող այս նախաձեռնությունը դառնա հենց այդ սերնդի ուղենիշը, օրինակը և շարունակական պայքարի մեկնարկը։ Հիշեցնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամները ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց իրականացրեցին «Այբ Արարատ» խորագրով մշակութային բողոքի ակցիա, որը ուներ հստակ պահանջ՝ վերացնել QR կոդը այբենարաններից և վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ իր ԱՅԲ-ով հանդերձ, որպես հայ դպրության, մշակույթի և ինքնության անփոխարինելի խորհրդանիշ։ Մենք շարունակելու ենք գործել նույն հաստատակամությամբ և բացարձակ հավատքով՝ հանուն վաղվա Հայաստանի լուսավոր օրվա, հայոց դպրոցների արժանապատիվ ապագայի և մեր նոր սերնդի ինքնության պահպանման»։