«Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ»․ Արա Զոհրաբյան
90
Այսօր, 00:30
Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՍՏԵՂԾՎԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԹԱԿ
Իշխանության կողմից եկեղեցահալած այս քաղաքականության դրդապատճառները կարող են լինել մի քանիսը՝ սկսած հոգևորից (ուղղափառության դեմ պայքարից) մինչև թուրք-ադրբեջանական մերձեցման հարցում Եկեղեցու խանգարող հանգամանքը: Եկեղեցին, որպես հայի ինքնության պահապան, ինչպես նաև Արցախի հարցով պահանջատեր, Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման պահանջատիրությունը սնուցող ազգային ինստիտուտ, ընդունելի չէ թուրք-ադրբեջանական տանդեմի համար: Իշխանությունները Եկեղեցու թուլացման գործողությունները սկսել են ավելի վաղ՝ մինչև պատերազմը (հիշենք օրինակ՝ կրթական ծրագրերից Հայ Եկեղեցու պատմության դուրս բերման նախաձեռնությունը, հարկային արտոնությունների վերացման փորձը և այլն): 2025թ․ մայիսից սկսած՝ եկեղեցահալած քաղաքականությունը դրսևորվել է ավելի բիրտ մեթոդներով՝ տարատեսակ քրեական վարույթներով, հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներով, կալանավորումներով, բերման ենթարկելու, խուզարկելու, իրերն առգրավելու գործողություններով, ինչպես նաև Եկեղեցու ու եկեղեցականների վարկաբեկումով: Այս համատեքստում պետք է հիշենք, մի քանի կարևոր թեզ՝ 1. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՆ ԲԱՐԻ ՀՈՎԻՎԸ ՉԷ, որը ցանկանում է Եկեղեցին բարեփոխել: Այդ բարեփոխումները չեն նկատվել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության ոլորտներում, այդ թվում՝ երկրի անվտանգության համակարգն ամրացնելու, սիրո և համերաշխության միջավայր ստեղծելու հարցերում․ 2. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ: Նիկոլ Փաշինյանը բացահայտ նախաձեռնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու գործընթաց: Վերջինիս անմիջական հովանավորությամբ զավթել են Հովհաննավանքը, փորձ են անում զավթել Թալինի Ս․ Աստվածածին Եկեղեցին, հոգևորականներին ստիպում են խախտելու Սուրբ և Անմահ Պատարագի ընթացակարգը՝ զեղչելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հիշատակումը, դրանով իսկ խախտելով նվիրապետական կարգը: 3. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽԱՂԱԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ և բախումների համար պայմաններ ստեղծել: 2025թ․ դեկտեմբերի 18-ին ոստիկանության ծառայողների պաշտպանությամբ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները խուլիգանական արարքներով Մայր Տաճարում խանգարել են կրոնական ծեսի իրականացմանը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն է նաև Մայր Տաճարում պղծություն կատարելը, ինչը չի կարող անհետևանք անցնել: 4. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ Է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկությունն ազդարարող Սահմանադրությունից և Հայաստանի օրենքներից բխում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի բացառիկ իրավունքներ: Իշխանության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միակ գլուխը հանդիսացող Ամենայն Հայոց Կաթողիկոսին ապօրինի քրեական հետապնդումների միջոցով մեկուսացնելու փորձը ծանր հետևանքներ է ունենալու մեր երկրի համար: Եկեղեցահալած այս գործողությունների դեմ օրենքով չարգելված միջոցներով հակադարձելու, Եկեղեցուն և եկեղեցականներին պաշտպանելու, ինչպես նաև Մայր Տաճարի զավթման փորձերը կանխելու նպատակով մեր շատ հայրենակիցներ միավորվել են՝ անկախ իրենց քաղաքական կամ այլ հայացքներից: ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ «ՄԻՋՆԱԲԵՐԴ» ՀԱՐԹԱԿՈՒՄ՝ https://www.facebook.com/profile.php?id=61581809931857 Հ․Գ․ 1 Մեզ միանալու համար կարող եք գրել այդ հարթակի կամ անձնական նամակի միջոցով: Հ․Գ․ 2 Ժողովուրդը պարտավոր է իր Սրբությունները պաշտպանել»: