Երկուշաբթի, 29 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Աչալուրջ ծախսելը միլիոնավոր դոլարների պարգևատրո՞ւմն է»․ Սևակ Հակոբյան

«Աչալուրջ ծախսելը միլիոնավոր դոլարների պարգևատրո՞ւմն է»․ Սևակ Հակոբյան
117
Այսօր, 16:48

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Տարվա վերջին պետական հիմնարկներում ճոխ պարգևատրումներ են եղել։ Ամենաճոխը, իհարկե, խորհրդարանում՝ 3 մլն դրամ՝ յուրաքանչյուր պատգամավորին։ «Հայաստան» խմբակցությունը, օրինակ, հայտնեց, որ ինչպես բոլոր մյուս դեպքերում, այժմ էլ պարգևավճարն ուղղել են սոցիալական ծրագրերին։
2018թ․ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կոկորդը պատռում էր, թե․ «Դուք կարող եք վստահ լինել, որ պետական բյուջեին վճարված ամեն մի դրամ, ամեն մի լումա պահպանվում է շատ աչալուրջ և ծախսվելու է ըստ նպատակի»։
Կարող են մեզ համոզել, որ աչալուրջ ծախսելը միլիոնավոր դոլարների պարգևատրո՞ւմն է։ Հարկատուի գումարով պաշտոնյաներին համատարած պարգևատրելը, ընդունենք, որ վատնման ամենավատ տարբերակներից է։
Ի՞նչ է պարգևավճարը․ կազմակերպության ներսում աշխատողներին վճարվող լրացուցիչ գումար է, որը տրվում է աշխատանքային նպատակներն իրագործելու, բարձր արդյունավետության համար։ Մեզ մոտ պարգևատրումներ են՝ անկախ արդյունքից։ Պարգևավճարը դարձել է աշխատավարձի անբաժան մաս ու չի մեծացնում աշխատանքի արդյունավետությունը։ Չկա որևէ հաշվարկ, թե այդ գումարն ինչպես է ազդել աշխատանքի որակի և արդյունքի վրա։ Բայց ճիշտ հակառակի մասին կա Նիկոլի խոստովանությունը․ «Դուք բոլորդ իմ գլխավորությամբ 7 տարի մնացել եք նույն դասարանի վրա»։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն օրերս խոստովանեց, որ պարգևավճարը նպատակին չի ծառայել, ուղղակի դարձել է աշխատավարձի բաղադրիչ։ Ընդունում են, որ ձախողել են պարգևատրման գործընթացը․ բայց վստահաբար չեն հրաժարվի դրանից, քանի որ մոտենում են ընտրությունները, և քաղաքական լոյալության համար պետք է գումար ծախսել։
Իսկ հերոս հարկատուն թող շարունակի աշխատել, տուգանվել, կաշվից դուրս գալ ու մուծել հարկեր․ ծախսողների ախորժակը բացվել է»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան