Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Իշխանությունը կարծես ամեն ինչ անում է «նախկինների» դիրքերն ամրապնդելու համար»․ Հմայակ Հովհաննիսյան

«Իշխանությունը կարծես ամեն ինչ անում է «նախկինների» դիրքերն ամրապնդելու համար»․ Հմայակ Հովհաննիսյան
91
Այսօր, 03:06

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարդում եմ օրվա խորհրդին նվիրված վարչապետի գրառումն ու դրան հաջորդող բազմաթիվ իրարամերժ մեկնաբանությունները։ Կարդում եմ և ողբում. Այս ի՜նչ զարհուրելի հոգեվիճակում է շարունակում ապրել ազգս 2020 չարաբաստիկ թվականից այս կողմ՝ արդեն վեց տարի է, եթե նույնիսկ մեզ պատճառված մեծ ցավը՝ մեր լուսավոր տղերքի և մեր պատմական հայրենիքի ևս մի մասի անվերադարձ կորուստը, չեն ստիպում մարդկանց գիտակցել հատվածապաշտության կործանարար հետևանքները և համախմբվել հայաստանակենտրոն գաղափարի շուրջ։ Այն գաղափարի շուրջ, որի հստակ քաղաքական ձևակերպումներն ամրագրված էին դեռ 1998 թվականին՝ Կարեն Դեմիրճյանի նախընտրական պլատֆորմում։ Այն գաղափարի, որը դաժանաբար գնդակահարվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, սակայն կարող էր և պետք է փյունիկի նման վերածնվեր 2018 թվականից հետո։ Ովքեր են մեղավոր, որ 2018-ից հետո էլ 1999-ից սկիզբ առած պառակտումը չհաղթահարվեց՝ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Լեոնարդ Պետրոսյանի և մյուս իմ ընկերների սպանության կազմակերպիչները չկրեցին արժանի պատիժ և շարունակեցին իրենց քայքայիչ ազգակործան գործունեությունը, որի արդունքը Մոսկվայի կողմից, իբր, «հայ սորոսականների» դեմ սանձազերծված և մեր կորուստների պատճառը հանդիսացող պատերազմն էր։ Մտե՛ք իմ ֆեյսբուքյան էջը և կարդացե'ք 2018֊ից մինչև 2020-ը հրապարակված վերլուծական ելույթներս։ Տեսեք, թե ինչ հետևողականությամբ եմ նախապատերազմական տարիներին հիմնավորել հասունացող մեծ դավադրությունն ու դավաճանությունը կանխելու ուղղությամբ հրատապ քայլերի անհրաժեշտությունը։ Ո՞վ լսեց այն ժամանակ իմ հորդորներն ու խորհուրդները։ Երկիրը մոտենում էր իր ողբերգությանը, իսկ դոդի ստուկաչները բոլոր հեռուստաալիքներով, որ քպականները հիմարաբար թողել էին «նախկինների» ձեռքում, բառացիորեն կրկնում էին Ալիևի և Բայրամովի պիտակավորումները Հայաստանի նոր իշխանությունների հասցեին՝ մեղադրելով «սորոսականության» ու «հակառուսականության» մեջ՝ հորդորելով Մոսկվային ժամ շուտ լուծել «Արևմուտքի գործակալ» Փաշինյանին գահընկեց անելու հարցը։ Ավաղ, Մոսկվան տեղի տվեց երկու տարի շարունակվող և բոլոր հեռուստաալիքներով սփռվող այս անբռնազբոս խայտառակ քարոզչությանը. «Փաշինյանից Հայաստանն ազատելու» նպատակով կանաչ լույս տվեց ալիևյան բլիցկրիգին։
Ցավն այն է, որ այս ողբերգական պատմությունից դասեր քաղելու և «նախկիններին» քաղաքական ասպարեզից վերջապես հեռացնելու փոխարեն օրվա իշխանությունը կարծես ամեն ինչ անում է վերջիններիս դիրքերն ամրապնդելու և հազարավոր պայծառ հայորդիների կորստի պատճառը հանդիսացող ներկայիս ներքաղաքական պիղծ ու դավադիր ստատուս-քվոն 2026 թվականի ընտրություններից հետո էլ պահպանելու համար։ Սթափվե՛ք»: