Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը:
Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը։
Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:
Պատարագիչ Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սրբոց Վարդանանց տոնը այն եզակի օրերից է, երբ պատմությունն ու հավատքը միաձուլվում են մեկ վկայության մեջ։ Պարսից թագավորը փորձում էր ջնջել հայ ժողովրդի հոգևոր ինքնությունը՝ ստիպելով հրաժարվել Սուրբ խաչից և Սուրբ Ավետարանից։ Բայց հայ ժողովուրդը հասկանում էր, որ եթե կորցնի հավատքը, կկորցնի նաև իր ինքնությունը, իր կոչումը և իր ապագան։ Այդ պատճառով Վարդանանց պայքարի կարևոր իմաստը ամփոփվում է հայտնի խոսքի մեջ՝ «Մահ իմացյալ անմահություն»»։
Ապա Հոգեշնորհ Հայր Սուրբը, դիմելով ներկաներին, հորդորեց Սրբոց Վարդանանց օրինակով ուժ ստանալ, ամուր կառչել մեր հավատքին, սիրել Հայրենիքն ու Եկեղեցին՝ հավատարիմ մնալով Աստծուն բոլոր փորձությունների մեջ։
«Սուրբ Վարդան Մամիկոնյանի և Սրբոց Վարդանանց տոնը թող մեզ համար լինի ոչ միայն պատմական հիշատակ, այլև կենդանի կանչ՝ ապրելու հավատքով լեցուն կյանք և վերանորոգելու մեր ուխտը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»-հավելեց Հուսիկ աբեղան։
Հայր Սուրբը նաև միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:
Սուրբ Պատարագի ավարտին Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, հավերժ պայծառության և Նորին Սրբության կենաց արևշատության ու արդյունաշատ հովվապետության համար:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
143Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
45113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58110.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76308.09.2026, 23:12