ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
89
Այսօր, 22:24
«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ խորհուրդն 1-ին Պլենումից հետո հայտարարություն է տարածել. «Կինոհամայնքի մի հատվածի լուռ համաձայնությամբ ՀՀ իշխանությունը հետևողաբար իրականացնում է կինոարդյունաբերության կործանման քաղաքականություն։ «Հայֆիլմի» վաճառքից հետո, ՀՀ կառավարությունը չի սահմանել սուբսիդավորում ստացած ֆիլմերի ավարտական օրինակի հանձնման ստանդարտները, ինչի արդյունքում պետության կողմից մոտ 7 միլիարդ դրամով սուբսիդավորված հայկական կինոժառանգության հսկայական մի հատված՝ 2005-2025թթ․ ստեղծված ֆիլմերի մեծ մասը, արխիվացված չէ։ Կինոոլորտը կարգավորող օրենսդրությունը անկատար է, Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքում առկա են վիճահարույց դրույթներ, անհասկանալի ձևակերպումներ և այլ օրենքների հետ հակասություններ։ Համո Բեկնազարյանի անվան ՀԱՅՖԻԼՄ կինոստուդիայի «վերակազմավորման» ծածկույթի տակ առկա է կինոստուդիայի լուծարման վտանգ։ ՖԱՀՖ-ը համարում է ՀԱՅՖԻԼՄ կինոստուդիան ազգային հարստություն, իսկ ՀԱՅՖԻԼՄԻ լուծարումը՝ դավաճանական ծանր հարված ՀՀ կինոարդյունաբերությանը։ 3․ ՖԱՀՖ առաջարկներ Կինոարդյունաբերության անկումը կանգնեցնելու և զարգացման նախադրյալներ ստեղծելու համար, ՖԱՀՖ-ը առաջարկում է ՀՀ կառավարությանը․ Ա․ Ձևավորել ՀՀ ԿԳՄՍՆ կից, կինոոլորտի հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող կինոհամայնքի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական խորհուրդ և օժտել այդ խորհրդին կինեմատոգրաֆիայի պետական կառավարմանը մասնակցելու լիազորություններով։ Բ․ Իրագործել Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի՝ «ՀՀ Ֆիլմ Հանձնակատարի» ինստիտուտ հիմնելու պահանջը։ Գ․ Ընդունել ՖԱՀՖ կողմից մշակված «ՀՀ Ֆիլմ Հանձնակատարի գրասենյակի» ստեղծման առաջարկը և հանձնել «ՀՀ Ֆիլմ Հանձնակատարի գրասենյակի» կառավարումը «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ-ին։ Պլենար ժողովն արձանագրում է, որ Հայաստանում առկա է Կինոյի նոր օրենքի մշակման հրատապ անհրաժեշտություն։ ՖԱՀՖ-ը հանձն է առնում դրա մշակման աշխատանքները և ակնկալում է կինոհամայնքի մասնակցությունը՝ Կինոյի նոր օրենքի մշակմանը։ 4․ ՖԱՀՖ – հասարակություն Պլենար ժողովը հայտնում է իր ընդգծված անհաշտությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավի, քաղաքական այլակարծության հանդեպ անհանդուրժողականության սրված դրսևորումների, ՀՀ ներքաղաքական լարվածության ու հասարակության խորացող բևեռացման հետ։ Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ պատասխանատվությամբ վերաբերվել հասարակական համերաշխության, ներդաշնակության ու հանդուրժողականության ապահովման՝ ցանկացած ժողովրդավար իշխանության սրբազան առաքելությանը, և անել առավելագույնը՝ ներհասարակական լարումը թուլացնելու, ատելության խոսքի տարածումն ու հանրությունը յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու քարոզը սաստելու համար։ ՖԱՀՖ պլենար ժողովը հաջորդ պլենար հավաքի ժամկետը սահմանում է ընթացիկ տարվա մայիս ամսվա երկրորդ կեսը։ Երևան, 16-02-2026թ․»: