Չորեքշաբթի, 04 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իրանի դեմ գործողությունը սկսվում է նմանվել «Կիևը երեք օրում» վերցնենք ռուսական ծրագրին»․ Հրանտ Տեր-Աբրահամյան

«Իրանի դեմ գործողությունը սկսվում է նմանվել «Կիևը երեք օրում» վերցնենք ռուսական ծրագրին»․ Հրանտ Տեր-Աբրահամյան
116
Այսօր, 17:00

Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի դեմ գործողությունը, կարծես թե գնալով ավելի սկսվում է նմանվել «Կիևը երեք օրում» վերցնենք 2020թ-ի ռուսական ծրագրին։ Գուցե դեռ վաղ է ասել, բայց պայմանական «Թեհրանը երեք օրում» վերցնելը նույն ճակատագրին է արժանանում։ Համենայն դեպս, այդ թվում Հայաստանում, տարածված պատկերացումները՝ ռեժիմի արագ փոփոխության հնարավորության մասին Իրանում՝ բարձրագույն ղեկավարության առանցքային ֆիգուների վերացումից հետո, չեն արդարանում։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները ռազմական գործողությունների նպատակների մասին՝ սկսած նախագահ Թրամփից, կարծես, անվերջ հակասությունների շտեմարան լինեն։ Որպես նպատակ մե՛րթ ակնարկվում է ռեժիմի փոփոխությունը, մերթ՝ միջուկային ներուժի ոչնչացումը, մերթ՝ հրթիռային ներուժի, նավատորմի, օդուժի ոչնչացումը և այլն։ Նույնքան հակասական են նաև հայտարարությունները ժամկետների և մեթոդների մասին՝ մի կողմից երդվում են, որ Իրաքի և Աֆղանստանի սխալը չեն կրկնի, մյուս կողմից՝ իբր չեն բացառում նաև ցամաքային գործողություններ։ Պատերազմի պատճառների մասին խոսքը հաճախ է՛լ ավելի անլուրջ է՝ չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը լուրջ հավատում է, որ Իրանն ուզում էր առաջինը հարձակվեր ԱՄՆ-ի վրա կամ էլ մահափորձ էին պատրաստում Թրամփի դեմ։
Եթե ռեժիմի փոփոխություն չէր նախատեսվում, ապա դժվար է բացատրել բարձրագույն ղեկավարության ոչնչացման՝ եզակի ու աննախադեպ քայլը։ Հաստատ հռթիռային ներուժի կամ նավատորմի ոչնչացման համար ղեկավարությանը սպանել իմաստ չուներ։ Իսկ միջուկային ներուժի մասով՝ նույն մարդիկ երդվում էին դեռ անցած տարի, որ դա կործանված է։ Մյուս կողմից էլ, ես որքան ինձ հիշում եմ, ըստ նույն աղբյուրների՝ այդ ներուժն ամեն տարի հինգ րոպե պակաս է միջուկային զենքի ստեղծումից՝ առնվազն իննսունականների կեսից։
Այս հակասությունները կարող են տեսականորեն վկայել երեք բանի մասին։ Մեկ՝ ԱՄՆ-ն հատուկ խառնաշփոթ է մտցնում, ինչը տվյալ դեպքում, այդքան էլ հավաստի չի թվում։ Երկրորդ՝ սկզբնական պատկերացումներն իրավիճակի զարգացման չեն արդարանում։ Երրորդ՝ բուն հաշվարկներն ի սկզբանե մեծամասմաբ ոչ այնքան ԱՄՆ-ից են գալիս։ Վերջին երկու ենթադրությունն ավելի մոտ են թվում ճշմարտությանը։ Ամերիկացիների սկզբնական պատկերացումները գործողության ընթացքի մասին մեծ հավանականությամբ այն չէին, ինչ ունենք իրականության մեջ՝ ոչ հետևանքների, ոչ էլ տևողոււթյան ու ծավալի մասին։ Եվ մյուս կողմից՝ մեծ գաղտնիք չեմ բացի, որ ընթացիկ գործողությունը ոչ այնքան ամերիկյան քաղաքականության տրամաբանության մեջ է իմաստավորվում կամ ռացիոնալիզացվում, որքան ամերիկյան քաղաքականության վրա իսրայելական ազդեցության հերթական դրսևորմամբ։ Ամերիկյան կատակասերներն արդեն կոչել են այս գործողությունը՝ Էփսթեյն ֆյուրի – էպիկ ֆյուրիի փոխարեն։ Եվ իրոք, օղօրմածիկը, որն ըստ լուրերի իր սկզբնական կապիտալը ձեռք է բերել Իրան-կոնտրաս գործարքի շրջանակներում, կուրախանար հիմա։
Իհարկե, այս ամենը դեռ նախնական։ Հետևենք, տեսնենք, թե որքան խորն է իրոք պատրաստ ԱՄՆ նախագահը խրվել իրանական արկածի մեջ, և որքան ժամանակ դեռ Իրանը կկարողանա պահպանել իր քաղաքական և ռազմական համակարգվածությունը։ Ցանկացած դեպքում, բոլորին պարզ է, որ իրանական պետական համակարգը համեմատելի չէ ոչ Աֆղանստանի, ոչ էլ Սադամի Իրաքի հետ։ Որքան երկարի գործողությունն՝ այնքան ավելի ակնհայտ է դառնալու հակասությունը Թրամփի և ՄԱԳԱ շարժման՝ ԱՄՆ-ն առաջին տեղում՝ գլխավոր կարգախոսներից մեկի հետ։ Մյուս կողմից, պատվով դուրս գալու ելք պետք է նշմարվի։
Ավանդական հարց՝ իսկ ո՞րն է Հայաստանի շահը։
Դառը բան պետք է ասեմ, որը շատ եմ կրկնել այս տարիների ըթնացքում։
Հայաստանի շահ ասվածը ներկա աշխարհում շատ պայմանական հասկացություն է, եթե ընդհանրապես կա։ Հայաստանի կառավարությունը, քաղաքական դաշտի մեծ մասը և քարոզչության ազեդցության տակ հայտնված հանրության մի զգալի մասը ինքն իրեն դրել է միջազգային հարաբերությունների օբյեկտի, ոչ թե սուբյեկտի կարգավիճակում՝ փաստացի կամովին հրաժարվելով ուժային գործոն լինելուց, այսինքն՝ ուժին ուժով պատասխանելու կարողությունից, ընդունել է պարտության հոգեբանություն ու գաղափարախոսությունը, 99 տարով երաշխավորյալի ֆորպոստի կարգավիճակը։ Նման «երևույթը» չի կարող ունենալ շահեր։ Այսինքն՝ շահել որևէ իրավիճակից՝ օբյեկտը միայն իրավիճակի զոհ կարող է լինել, քանի որ իրավիճակի վրա ազդելու իր կարողությունից զրկված է։ Ամեն դեպքում՝ օբյեկտի համար, իհարկե, ավելի լավ է Իրանում ռեժիմի պահպանությունը։ Բայց դա անվերջ չի կարող տևել՝ աշխարհում փոխվում է ամեն ինչ, մի օր դա էլ կփոխվի։ Իրանն իր պատմության մեջ բազմաթիվ անգամներ փլուզվել-նորից հավաքվել է։ Կարող է նորից նույնը կրկնվել դեռ մեր կյանքի ընթացքում։ Սուբյեկտների համար՝ նման բաները շանս են, իսկ օբյեկտների համար՝ աղետ, աշխարհի վերջ, Աստված ոչ արասցե և այլն։ Երբ նորից ընտրենք ուժային գործոն դառնալու ճանապարհը՝ կհարցնեն «մեր շահի» մասին։
Բայց որ շատ դաժան չլինի, ասեմ, որ դասեր քաղել, իհարկե, կարող ենք։ Օրինակ, ուշիմ հայացքն այս իրավիճակում գուցե ավելի ուշադիր լիներ, թե որքան ապահով են իրենց զգում ԱՄՆ դաշնակիցները Պարսից Ծոցում։ Կամ թեկուզ Եվրոպայում։ Չնայած ուշիմները առանց այդ էլ ամեն բան հասկացել են, իսկ վարդագույն պոնիների երկրում ապրողների համար նույնիսկ սեփական աչքերի առաջ տեղի ունեցածը դաս չի»։