«Հուշարձանները վերականգնվել են միջազգային բոլոր նորմերին, կոնվենցիաներին, կանոններին համապատասխան». Հարություն Վանյան
114
Այսօր, 20:30
ՀՀ ԿԳՄՍՆ հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆեյսբուքում մի քանի հրապարակում տեսա՝ Ամրակիցի Սբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու և Լոռի բերդի եկեղեցու վերականգնման վերաբերյալ: Նկատեցի նաև, որ ֆեյսբուքյան ընկերներիցս որոշ մարդիկ նույնպես մտահոգվել էին հրապարակումներից, չնայած տասնյակ անգամներ վերականգնվող հուշարձանների ընթացքը լուսաբանվել է նախարարության և իմ էջերում և իրենք հետևել են ու տեսել: Երկու վերականգնումներն էլ կատարվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն միջոցներով և մեր վարչության վերահսկողությամբ: Երկուսի համար էլ պատվիրվել է վերականգնման ճարտարապետական նախագիծ, որն իրականացրել են ճարտարապետական բարձրագույն <<Գ>> դասի արտոնագիր ունեցող ճարտարապետներ: Հայաստանում այլ կարգի արտոնագիր ունեցողները ուղղակի իրավունք չունեն հուշարձանների վերականգնման նախագծեր մշակել: Մի կողմ թողնելով, որ քննադատողների կամ անհիմն որակումներ տվողների մեծ մասը տարրական գիտելիքներ չունեն ոլորտի վերաբերյալ, բայց իրենց իրավունք են վերապահում <<ձեռքի հետ>> քննադատել մի բան, որից գաղափար չունեն, անդրադառնամ ըստ էության: Երկու հուշարձաններն էլ վերականգնվել են միջազգային բոլոր նորմերին, կոնվենցիաներին, կանոններին, խարտիաներին և ոլորտում հայտնի բոլոր ընթացակարգերին համապատասխան: Վերականգնման աշխատանքները կատարվել են ըստ նախագծերի, իսկ նախագծերը մշակվել են արխիվային նյութերի, չափագրությունների և այլ ուսումնասիրությունների հիման վրա: Երկու վերականգնումն էլ իրականացվել են պատշաճ որակով: Ամրակիցի եկեղեցու տանիքի և պատերի գույները հնարավոր է՝ աչքին անսովոր թվան, սակայն դրանք վերականգնվել են ճիշտ, իր նախաստեղծ, պատմական գույներն են՝ վերականգնված մանրամասն ուսումնասիրությունների և համապատասխան անալիզների հիման վրա: Բնականաբար, աչքի համար գուցե ավելի հաճելի են կիսավեր, լքված, փլուզված կամ քանդված պատերով պատկերները, բայց դա անհամատեղելի է հուշարձանների պատշաճ պահպանության հետ: Ամրակիցի եկեղեցու դուռը վերականգնումից օրեր առաջ պոկվել և ընկել էր ներս, եկեղեցու պատերից քարեր կային կախված, որոնք այցելուների կյանքի համար վտանգավոր էին, ուստի հրատապ էր այս հուշարձանները վերականգնել, ինչը և լավագույնս իրականացվել է: Ընկերներիցս մեկը հարցրել էր նաև Ամրակիցի ծառերի հետ կապված, պարզաբանեմ. ակնադիտական զննությամբ կային ծառեր, որոնք ֆիզիկական (ընկնելու) վտանգ էին ներկայացնում եկեղեցու համար, ուստի վերականգնման ընթացքում պաշտոնապես դիմել ենք համայնքապետարան՝ խնդրել ուսումնասիրել, գնահատել և հեռացնել եկեղեցու պահպանության համար ֆիզիկական վտանգ ներկայացնող ծառերը: Ի դեպ հուշարձանների շրջակայքում ծառերը հաճախ ենթակա են հատման՝ ելնելով հուշարձանի տեսողական բարենպաստ ընկալման, արմատային համակարգի միջոցով հուշարձանի վնասման և այլ մասնագիտական հանգամանքներից: Եվ վերջում՝ եթե կան ոլորտի մասնագետներ, կամ իսկապես մտահոգ ընկերներ, որոնք ունեն անհանգստություններ այս կամ ցանկացած այլ հուշարձանների վերականգնման հետ կապված՝ սիրով հրավիրում եմ մասնագիտական քննարկման նախագծի հեղինակների և մեզ հետ՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն. կարող եք կապվել ինձ հետ, կկազմակերպենք: Մնացած հեռո՜ւ, մոտիկ ընկերներին, ... Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,- խնդրում եմ զբաղվել իրենց գործերով, աշխարհաքաղաքական հարցերով, ինչը սովորաբար շատ ավելի լավ է ստացվում ոչնչի մասնագետ ակտիվ ֆեյսբուքահայության մոտ»: