«Անհիմն «պատիժները» թեթևացնելը սկսել ենք ընկալել որպես «հաղթանակ»․ Նաիրա Կարապետյան
104
Այսօր, 02:06
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ե՞րբ սա դարձավ նորմալ... Երեկ շատերիս հուզեց այս պատկերը - ապօրինի կալանք, հացադուլ, առողջության վատթարացում, տնային կալանք անցած Նարեկ Սամսոնյանն արդեն 9 ամսից ավելի ապօրինի կալանավորված Բագրատ Սրբազանի հետ... Սակայն ինձ այս լուսանկարում շատ մտահոգեց այն միտքը, որ բոլորը մաղթում էին, որ Սրբազանն էլ ազատ արձակվի՝ Նարեկի պես: Ես, իհարկե, առաջիններից եմ, ով ամեն ժամ, ամեն վայրկյան սպասում է Սրբազանի ազատ արձակմանը, բայց այստեղ կա մի շատ մեծ բայց… Այն է՝ Նարեկն ազատ չէ: Նա ունի հանրային խոսքի սահմանափակում, ինչը ազատ խոսքի իրավունքի և մեդիայի ազատության կոպտագույն խախտում է: Ստացվում է, որ իշխանությունը մի բան հորինում, հերթով փակում է իրեն հատկապես նախընտրական շրջանում խանգարողներին, հետո քիչ-քիչ թեթևացնում «պատիժը», և մենք բոլորս ուրախանում ենք, մի բան էլ մյուսներին ենք նույնը մաղթում: Այստեղ խոսքը մարդասիրական պահի մասին չէ: Իհարկե, Նարեկ Սամսոնյանի «պատիժը» նույն Վազգեն Սաղաթելյանի համեմատ շատ ավելի թեթև է՝ թե՛ ընտանիքի կողքին գտնվելու, թե տանը լինելու, թե՛ ընկերների և մտերիմների հետ շփվելու պահով, սակայն նրա հիմնական գործունեությունը կասեցված է: Այսպես են վարվում բոլոր քաղբանտարկյալների հետ, բոլոր: Եթե Նարեկի դեպքում՝ հետապնդումը հրապարակային վիրավորանքին հրապարակային պատասխան հնչեցնելու համար է (հենց երեկ Ալենը կրկին «փայլեց» հրապարակային բառապաշարով), ապա Սրբազան պայքարի գործով դատվողների դեպքում՝ մոնտաժված ձայնագրություն և գունավոր ծուխ է: Զավեշտալի է Սամվել Կարապետյանի դեպքը․ ընդամենը «մեր ձևով» արտահայտությունն է, ինչը նիկոլենք ընկալել են իրենց ձևով և շուտափույթ զրկել բարերարին ընտրական գործընթացին մասնակցելու բոլոր հնարավորություններից: Դավիթ Համբարձումյանի «մեղքը» իմպիչմենտի միասնական թեկնածու լինելն է, Կաթողիկոսի եղբոր և եղբորորդունը՝ արյունակցական կապը, մյուսներինը՝ հայրենասեր լինելը: Եվ մենք նրանց «պատիժները» թեթևացնելը սկսել ենք ընկալել որպես «հաղթանակ»: Օրինակ՝ Միքայել Աջապահյանը գնաց պատարագի... Չենք մտածում, թե ինչո՞ւ պետք է չգնար: Արշակ Սրբազանն Էջմիածնում է, բայց դեռ դատվում է, չէ՞: Պայքարեցինք, որ Լիդյան ազատ լինի, «հաղթեցինք», բայց նա ամբաստանյալ է: Ուրախացանք, որ Արա Ռոստոմյանը կարողանում է այցելել որդու շիրիմին, իսկ Արթուր Սարգսյանը կկարողանա դատարան գալուց բարևել իրեն ողջունողներին… Ախր սա հաղթանակ չէ, սա ընդամենը անհիմն բռնաճնշումների թեթևացում է, այն էլ՝ խիստ մանիպուլյատիվ նպատակներով: Ազատություն ռեժիմի քաղաքական բանտարկյալներին: Հ.Գ. Բայց Վազգենի «պատիժը» երեկ քաղաքացուն հայհոյած ԱԺ նախագահը երևի դեռ թույլ չի տալիս մեղմել: Հ.Գ.Գ. Միջազգային կառույցները սա, իհարկե, չեն նկատի, նրանք բաց տեքստով աջակցում են ռեժիմին»: