Չորեքշաբթի, 27 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հայտարարությունները` ամբողջական տեքստով

Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հայտարարությունները` ամբողջական տեքստով
42
Երեկ, 23:36

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես են եկել հայտարարություններով մամուլի համար:

Հայտարարությունները՝ ստորև.

Արարատ Միրզոյան․ Հարգելի՛ գործընկերներ, այսօր պատիվ ունեմ հյուրընկալել իմ լավ բարեկամ և գործընկեր, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Մեծարգո՛ պարոն պետքարտուղար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գերհագեցած օրակարգում՝ աշխատանքային գրաֆիկում Հայաստան այցելելու և այս կարևոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար ժամանակ գտնելու համար։ Ձեր այս խիստ բովանդակալից այցը վկայում է մեր երկկողմ կապերը հետևողականորեն ամրապնդելու Երևանի և Վաշինգտոնի աներեր հանձնառության մասին։

Օգտվելով առիթից՝ պետք է կրկին արձանագրեմ, որ մեր երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ։ Չափազանցություն չի լինի ասել, որ մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ՝ հաշվի առնելով մեր երկկողմ օրակարգում հաճախակի պարբերական զարգացումները։

Հարգելի՛ գործընկերներ, ամենակարևոր իրադարձությունը, իհարկե, անցած տարի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովն էր, որտեղ հնարավոր դարձավ հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց նաև կարևորագույն պայմանավորվածություններ ձեռք բերել և հայտարարել տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, և ընդամենը մի քանի ամիս անց՝ այս տարվա արդեն հունվարի սկզբին, ես և իմ հարգելի գործընկեր, պետքարտուղար Ռուբիոն Վաշինգտոնում ստորագրեցինք ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակի մասին մի նոր փաստաթուղթ: Եվ կրկին ընդամենը մի քանի ամիս անց, այսօր՝ մայիսին, Երևանում, մենք կարողացանք նախաստորագրել արդեն ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ միջպետական համաձայնագիրը:

Իհարկե, սա չի ծածկում այն ամբողջ ճանապարհը, որ մենք այս տարիների, այս ամիսների ընթացքում, մեկ տարուց մի քիչ պակաս ընթացքում միասին անցել ենք։ Մենք ունենք արդեն ստորագրած և ստանձնած հանձնառություններ արհեստական բանականության և կիսահաղորդիչների մասին, միջուկային էներգետիկայի ոլորտի մասին։ Քիչ առաջ միասին ականատես եղանք, թե ինչպես ստորագրեցինք նոր փաստաթուղթը հանքանյութերի, կրիտիկական միներալների վերաբերյալ, և իհարկե, ամենակարևորը՝ ես կասեի հովանոցային պայմանավորվածությունը, մենք պետքարտուղարի հետ միասին քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն Համապարփակ ռազմավարական գործընկերություն: Եվ խնդրում եմ մի փոքր ուսումնասիրություն անել և համեմատել 2 փաստաթղթերը։ Հուսամ կտեսնեք, թե ինչպիսի նոր հնարավորություններով, հատկապես երբ խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը, այլ շատ կարևոր ոլորտների, կտեսնեք, թե ինչպես է հարստացված փաստաթուղթը այս ուղղություններով ևս:

Ուզում եմ մեկ անգամ ևս կարևորել և բարձր գնահատել նախագահ Թրամփի և նրա ամբողջ վարչակազմի՝ պետքարտուղար Ռուբիոյի, բոլոր մյուսների դերը և նվիրվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում և Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում։

Կրկին անգամ ուզում եմ ասել և հուսով եմ՝ կուսումնասիրեք, կտեսնեք բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի ենք կոչում ստորագրությամբ և այնուհետև կտեսնենք գետնի վրա՝ որպես իրականություն, միանշանակ շահեկան են Հայաստանի Հանրապետության համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար։

Այսքանը, թերևս, սիրով ուզում եմ խոսքը փոխանցել Ձեզ։ Կրկին անգամ շնորհակալ եմ այցի և շարունակական հանձնառությունների համար, հարգելի՛ գործընկեր։

Մարկո Ռուբիո․ Շնորհակալություն մեզ Երևանում հյուրընկալելու համար։ Ինձ համար հաճելի է այսօր այստեղ գտնվել և շարունակաբար առաջ մղել նախագահ Թրամփի ու վարչապետ Փաշինյանի տեսլականը և Հարավային Կովկասում դեպի խաղաղություն տանող այն հավակնոտ ուղին, որն ամրագրվեց անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։

Ինձ համար պատիվ էր այսօր արտաքին գործերի նախարարի հետ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ մեր երկկողմ համաձայնագիրը նախաստորագրելը։ Այս համաձայնությունը ամենախոշոր քայլերից մեկն է պատմական այս ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ։ Սա Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհ է։ Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն ԹՐԻՓՓ-ով մենք շարունակում ենք մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով զարգացնելը։ Այս վարչակազմի համար սա առաջնահերթ խնդիր է։ Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները զարգացնել ոչ միայն ԹՐԻՓՓ-ի, այլև մնացած բոլոր ուղղություններով․ սա մեր նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանի ժառանգության կարևոր մասն է լինելու։

Ստորագրել ենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների շրջանակը, նախանշում նոր ուղի, որից օգուտներ կքաղեն թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները։ Եթե պարզ ասեմ, մենք այն հիմնարար աշխատանքներն ենք իրականացնում, որոնք հիմք կհանդիսանան՝ հայերի և ամերիկացիների համատեղ աշխատանքի տնտեսական հիմքերը գցելու համար։ Մենք հարգում ենք ինքնիշխանությունը․ այսպես են լավագույնս գործում երկկողմ հարաբերությունները։ Երկու երկրներն էլ առավելություններ պետք է տեսնեն իրենց հարաբերություններում։ Մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ կիսում ենք մեր տեսլականը ապագայի վերաբերյալ։ Մենք կարող ենք միմյանց օգնել՝ միասին հասնելու այդ ավելի լավ ապագային։

Ինչ վերաբերում է կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագրին, ապա սա կրկին փոխադարձ բարեկեցությունը մեծացնելուն միտված քայլ է։ Թե՛ Վաշինգտոն պատվիրակությունների, թե՛ իմ այցերի ժամանակ մենք բազմիցս ենք խոսում կարևորագույն հանքանյութերի, տեխնոլոգիաների և նորարարությունների մասին։ 21-րդ դարում վերջիններս անհրաժեշտ գործոններ են, և դրանց մշակումը, վերամշակումը, արդյունահանումը կարևոր են ապագա բարեկեցության համար։ Այն երկրները, որոնք կարող են դա անել, կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել և հայտնվել նորարարությունների կենտրոնում, իսկ նրանք, ովքեր ետ կմնան, կտուժեն։

Մենք կարող ենք միասին աշխատել, որպեսզի մեր երկու երկրները, մեր երկու տնտեսություններն ունենան հուսալի հասանելիություն կարևորագույն հանքանյութերին։ Սա ոչ միայն ֆինանսապես օգտակար կլինի, այլև կնպաստի նորարարությունների շրջափուլի ապահովմանը, որը 21-րդ դարում կարևորագույն գործոն է։ Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը, ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար, և մենք ուրախ ենք հայտնելու մեր աջակցությունն այս տեսլականին, այս խիզախությանը, ձեր նվիրվածությանը և պատրաստակամությանը՝ երկրի ապագայի հանդեպ։ Ուրախ ենք ու հպարտ ենք, որ մասնիկն ենք այս ամենի, և պատրաստ ենք միասին ավելին անելուն։ Շնորհակալություն։

Արարատ Միրզոյան․ Հարգելի՛ պարոն պետքարտուղար, շնորհակալ եմ կրկին ջերմ խոսքերի համար։ Վստահ եմ, որ մենք հետայսու ևս բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի քայլ առ քայլ իրականություն դարձնենք նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի ուրվագծած համագործակցությունը, որը վստահաբար շահեկան է լինելու, ինչպես Դուք նշեցիք, և՛ Հայաստանի համար, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, բայց նաև մյուսների համար տարածաշրջանում, ովքեր կառուցողականորեն և համագործակցաբար կներգրավվեն այս նախագծի և նախագծերի ստեղծած հնարավորությունների մեջ։

Դուք, անձամբ, հարգելի՛ գործընկեր, մշտապես սպասված հյուր եք Երևանում։ Սիրով սպասում ենք առաջիկայում մեր նոր հանդիպումներին, համագործակցության նոր հնարավորություններին և նոր շփումներին՝ լինի դա Երևանում, Վաշինգտոնում, թե աշխարհի որևէ այլ մայրաքաղաքում կամ վայրում։