Հինգշաբթի, 04 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«ԵՄ-ն ՀՀ-ին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի»․ ֆոն դեր Լայեն

«ԵՄ-ն ՀՀ-ին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի»․ ֆոն դեր Լայեն
50
Այսօր, 15:48

ԵՄ-ն ՀՀ-ին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո:

«Այսօր ես խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերջին սահմանափակումների վերաբերյալ։ Դա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է։ Հայկական արտադրանքի նկատմամբ արտահանման սահմանափակումները երկարաձգելով՝ Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է որպես զենք՝ քաղաքական ճնշում գործադրելու համար։ Մենք շատ լավ գիտենք այս գործելաոճը։ Ահա թե ինչու է Եվրոպան հաստատակամորեն կանգնած Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք ԵՄ աջակցության փաթեթ։ Այն ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով։ Եվ դրան դեռ կհաջորդեն նորերը։ Նախատեսվում են առևտրի դյուրացման միջոցառումներ մի շարք հայկական ապրանքների, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի համար։ Ինչպես նաև գործնական աջակցություն տուժած ոլորտներին, ինչպիսիք են հայկական ծաղիկները, հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելի մեղադրանքների պատճառով։

Նախատեսվում է, որ 10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը կհասնի Լատվիա։ Դրան կհաջորդեն մյուսները։ Մենք նաև կշարունակենք կապեր հաստատել մեր բիզնեսների միջև՝ հետամուտ լինելով Երևանում մեր վերջին գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին։

2024 թվականից ի վեր «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում ԵՄ աջակցությունն արդեն օգնել է 7000 բիզնեսների և նպաստել է ավելի քան 20000 աշխատատեղերի ստեղծմանը։ Հայաստանը այն վայրն է, որտեղ տաղանդը, նորարարությունը և հնարավորությունները միավորվում են։ Եվրոպական բիզնեսների համար դա կարևոր տեղ է։ Երկարաժամկետ հեռանկարում ես արտահայտել եմ Եվրոպայի հանձնառությունը՝ հավակնոտ Կապակցվածության գործընկերությունը կյանքի կոչելու համար, որը ստորագրվել է գագաթնաժողովի ժամամակ։ Վերջերս Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերաբացումը, ներառյալ Վրաստանի և Թուրքիայի միջով երկաթուղային կապը, հիանալի քայլ առաջ է։ Հայաստանն ունի ներուժ դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց։ Մենք պատրաստ ենք աջակցել ենթակառուցվածքների և սահմանային անցակետերի հարցում, երբ տարածաշրջանային կապերը վերաբացվեն։ Մենք կշարունակենք միասին առաջ մղել այս առաջնահերթությունները հունիսի 23-ին կայանալիք Կապակցվածության պլատֆորմի նախարարական հանդիպման ժամանակ։ Այս բոլոր ճակատներում արդյունավետ համակարգումն ապահովելու համար մենք պայմանավորվել ենք ստեղծել Եվրոմիություն-Հայաստան համատեղ աշխատանքային խումբ։ Սա կհսկի այս բոլոր նախաձեռնությունների և հետագա այլ միջոցառումների իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: