Նորահայտ հնավայրի պեղումներ` Վեդիի մերձակայքում

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանի ղեկավարությամբ վերջերս հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի մերձակայքում գտնվող նորահայտ հնավայրում։
Հուշարձանը գտնվում է Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի միջև ընկած տարածքում՝ Վեդիից մոտ 3 կմ դեպի արևելք։
Արմինե Գաբրիելյանի խոսքով՝ տվյալ տարածքում առաջին հետախուզական շրջայցն իրականացվել է 2022 թվականի մայիսին՝ Վեդիի բնակիչներից մեկի ուղեկցությամբ, որը հետազոտողներին տեղեկացրել էր այստեղ առկա կարասային թաղումների մասին։
«Հուշարձանի երկու բլուրների վրա արդեն իսկ նկատելի էին գանձագողերի կողմից կատարված փոսորակները, որոնք պահպանվում են մինչ օրս», – նշում է հնագետը։
Հետախուզական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ երկու բլուրների վրա առկա են շինությունների հետքեր, իսկ մակերևույթին մեծ քանակությամբ հանդիպում են անտիկ ժամանակաշրջանի գունազարդ խեցեղենի բեկորներ։
2026 թվականի մայիս–հունիս ամիսներին իրականացված կարճաժամկետ պեղումների շրջանակում բացվել է 14×10 մ չափերով հետախուզահոր։ Արդյունքում բացահայտվել են 1,30–1,50 մ լայնությամբ երկճակատ պատեր՝ միջնամասում ավելի մանր քարերի լիցքով։ Դրանք, երկրի կողմերի նկատմամբ ունենալով աննշան շեղումներ, հիմնականում կողմնորոշված են հյուսիս–հարավ և արևելք–արևմուտք ուղղություններով։
Բացված կառույցի ներսում հայտնաբերվել և պեղվել է նույն ժամանակաշրջանին պատկանող քարարկղային մանկական թաղում։
Հետաքրքիր գտածոների շարքում առանձնանում են նաև մի քանի սրբատաշ քարեր՝ ծիծեռնակապոչ միացումների հետքերով։ Դրանք, սակայն, հայտնաբերվել են երկրորդային օգտագործման մեջ և ներառված են եղել դամբարանային կառույցի կազմում։
Արմինե Գաբրիելյանը հավելում է. «2026 թվականի պեղումները որոշ չափով կրում են նաև փրկարարական բնույթ։ Մեր նպատակն է հնարավորինս ամբողջական կերպով բացահայտել հնավայրի հնագիտական և մշակութային համատեքստը, քանի որ այն օրեցօր վնասվում է տարածքում գանձագողերի կողմից իրականացվող ապօրինի փորվածքների հետևանքով»։
Արշավախմբի ճարտարապետն է Հայկ Կյուրեղյանը, իսկ աշխատանքներին ներգրավված են նաև Վեդի քաղաքի բնակիչներ։
Հետազոտողները նախատեսում են առաջիկայում շարունակել պեղումները՝ ընդարձակելով պեղավայրի սահմանները և խորացնելով նորահայտ հնավայրի ուսումնասիրությունը։

«Ոդիսականը» դարձել է Նոլանի ամենաեկամտաբեր ֆիլմը՝ ամբողջ աշխարհում վաստակելով 1,1 միլիարդ դոլար
110910.08.2026, 23:51
Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին պարզաբանում է տարածել (լուսանկար)
58310.08.2026, 03:06
«Եթե 5-րդ դարում կոմունիստներ լինեին, նրանց էլ կներառեի». հետաքրքիր փաստեր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք»-ի մասին (լուսանկար)
58710.08.2026, 01:06
Միջնադարյան Հայաստանի առևտրի բացառիկ վկան. Ջրափիի քարավանատունը (լուսանկար)
59009.08.2026, 22:30
Նոր բացահայտում՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում (լուսանկար)
154105.08.2026, 03:06
«Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից». Սամվել դպիր Գրիգորյան
148305.08.2026, 00:30
Իտալիայում ազատազրկման են դատապարտել կեղծ հռոմեական ամֆիթատրոն կառուցած քաղաքացուն (տեսանյութ)
545903.08.2026, 22:54
Թուրքիայում քննարկում են Կարսում Նիկոլայ II-ի որսորդական տնակի վերականգնման հարցը (լուսանկար)
358503.08.2026, 19:46