«Թող ՀՀ Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան»․ Արման Դիլանյան

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր հուլիսի 5-ն է՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը: Այն մեր պետական տոնացույցում սոսկ հերթական հիշարժան ամսաթիվ չէ, այլ հնարավորություն է վերաիմաստավորելու մեր անցյալը, վերարժևորելու ներկան և վերահաստատելու մեր ժողովրդի, հասարակության և հատկապես գալիք սերունդների առջև ստանձնված ժողովրդավարական պետականության կերտման հանձնառությունը։
Սահմանադրությունը յուրաքանչյուր ժողովրդի՝ իր սեփական ապագայի նկատմամբ հավաքական իրավաքաղաքական պատկերացումների, նպատակների, իղձերի իրավական մարմնավորումն է: Այն մեր ժողովրդի և պետության միջև կնքված հասարակական պայմանագիր է, որը քարտեզագրում է հանրային իշխանության յուրաքանչյուր մարմնի կամ պաշտոնատար անձի իրավաչափ վարքագծի շրջանակները և դրանով իսկ երաշխավորում մեզանից յուրաքանչյուրի ազատությունն իրագործելու սահմանադրական շրջանակները:
Սահմանադրության ուժը պայմանավորված է նաև նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով։ Բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրությունը դառնում է վարքագծի, հանրային որոշումների և դատական պաշտպանության իրական չափանիշ, այն վերածվում է պետության կայունության, իրավական կանխատեսելիության և հանրային համերաշխության ամուր հենասյան։
Սահմանադրական մշակույթը ոչ միայն ձևավորվում է դատարանների որոշումներով կամ պետական մարմինների գործունեությամբ, այլև դառնում է ապրող իրողություն նաև քաղաքացիների իրավագիտակցությամբ, իրավաբանների մասնագիտական բարեխղճությամբ, կրթական հաստատությունների աշխատանքով և հանրային երկխոսության որակով։
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները մեր պետականության ամենախոսուն և ամենավառ դրսևորումներն են: ՀՀ դրոշի, օրհներգի և զինանշանի միջոցով են մեր պետությունն ու պետականությունը դառնում առավել տեսանելի, լսելի և ընկալելի ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այնպես էլ երկրի սահմաններից դուրս՝ միջազգային հանրության առջև։ Դրանց նկատմամբ հարգանքի և հոգատարության աստիճանն ուղիղ համեմատական է պետության ու պետականության նկատմամբ հասարակության վերաբերմունքին։ Որքան բարձր է այդ հարգանքը, այնքան ավելի ամուր է պետականության արժեքի գիտակցումը։
Հուլիսի 5-ը հրաշալի առիթ է գնահատելու մեր անցած ճանապարհը և փաստելու, որ սահմանադրական պետության կառուցման ճանապարհը բարդ է և անվերջանալի, քանզի չկա այն կետը, որին հասնելուց հետո այլևս անելիքներ չլինեն։ Այն մշտական և շարունակական գործընթաց է, որը պահանջում է հաստատուն նվիրվածություն արդարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և հանրային վստահության ամրապնդմանը։
Վերստին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, անվտանգություն, համերաշխություն և կայուն զարգացում։ Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան և ապագայի նկատմամբ մեր ընդհանուր պատասխանատվության խորհրդանիշ։
Շնորհավո՜ր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը:
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
174Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
513Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
37726.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
28326.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
29925.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
27725.08.2026, 15:20
Ռոբերտ Քոչարյանի և ևս 9 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
29825.08.2026, 13:12
«Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
27625.08.2026, 11:06