Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմը

Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմը
72
Այսօր, 20:00

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Բանակցություններն սկսվել են առանց մամուլի համար բացման խոսքի և շարունակվել են փակ դռների հետևում։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է 52 րոպե։

Պետդեպարտամենտի տվյալներով՝ Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմը և երկկողմ հարաբերությունները։

Բանակցություններից հետո Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հասկանում է պատերազմի տարածման ռիսկը և այս հարցը բարձրացնում է իր արտասահմանյան գործընկերների հետ. «Մենք հասկանում ենք, որ հակամարտությունը կարող է տարածվել նոր տարածքներում, ընդլայնվել և բռնկվել այլուր»։ Ռուբիոյի խոսքով՝ «սա մտահոգություն է, և մենք այս հարցը բարձրացնում ենք ճիշտ մարդկանց հետ, ճիշտ մակարդակով»։

Ռուբիոն լրագրողներին ասել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան հետաքրքրված են էներգետիկ օբյեկտների, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելով. «Կարծում եմ՝ երկու կողմերն էլ հետաքրքրություն են հայտնել որոշակի սահմանափակ հրադադարի նկատմամբ, այդ թվում՝ էներգետիկայի և հացահատիկի մատակարարման ոլորտներում»։

«Դա չի ավարտի պատերազմը, բայց կարծում եմ, որ այն, հավանաբար, որոշակիորեն կնպաստի որոշ ենթադրյալ գլոբալ խնդիրների մեղմմանը», - շարունակել է նա։

Միևնույն ժամանակ, Ռուբիոն զգուշացրել է, որ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների կասեցումը «հեշտ գործ չի լինի»։ Պետքարտուղարը հայտնեց Վաշինգտոնի պատրաստակամությունը նպաստելու այս գործընթացին՝ ենթադրելով, որ նման համաձայնագրերը կարող են հիմք հանդիսանալ ավելի լայն համաձայնագրի համար։ Ռուբիոն կարծում է, որ «ուկրաինական ճգնաժամը» կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով. «Մենք փորձում ենք խաղալ լավագույն դերը, քանի որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա փոխադարձ հարձակումները հետևանքներ ունեն ամբողջ աշխարհում»,- ասել է նա։ «Իհարկե, հեշտ չէ անմիջապես համաձայնության հասնել, բայց մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի դա իրականություն դառնա, քանի որ դա օգուտ կբերի և՛ աշխարհին, և՛ երկու երկրներին»։

Ռուբիոն նաև ասել է, որ Ռուսաստան-ԱՄՆ նոր գագաթնաժողովի գաղափարը դեռևս չի քննարկվել. Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նման հանդիպում պետք է նախապատրաստվի։