Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ֆրանսիայում առաջին դատավճիռներն են կայացվել անկարգությունների մասնակիցների նկատմամբ

Ֆրանսիայում առաջին դատավճիռներն են կայացվել անկարգությունների մասնակիցների նկատմամբ
63
Այսօր, 09:55

Փարիզում հոկտեմբերի 17-ին անկարգությունների վերածված բողոքի ցույցերից հետո կայացվել են առաջին դատավճիռները, հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

«Անցած շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բռնություն գործադրելու համար ձերբակալված մի քանի անձինք կանգնել են դատարանի առաջ՝ անհապաղ դատաքննության կարգով։ Կայացվել են առաջին դատավճիռները»,- ասվում է հրապարակման մեջ։

Դատապարտվածներից մեկը 21-ամյա խոհարար և նախկին հրշեջ է։ BFMTV-ի հաղորդմամբ՝ տղամարդը դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման, որից երկու ամիսը պետք է անցկացնի բանտում։ Նրան ձերբակալել էին դեռևս հանրահավաքի մեկնարկից առաջ․ նրա պայուսակում հայտնաբերվել էր ալկոհոլային խմիչքի ութ շիշ, իսկ հեռախոսում՝ տեսագրություններ, որոնցում երևում էր, թե ինչպես էր նա նախորդ օրը Մոլոտովի կոկտեյլներ նետում։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մեկ այլ տղամարդու՝ 23-ամյա անվտանգության աշխատակցի նկատմամբ նշանակվել է մեկ տարվա պայմանական ազատազրկում։ Նրան նաև մեկ տարով արգելվել է զենք պահել ու մասնակցել հանրահավաքների։ Տղամարդը ձերբակալվել էր Ելիսեյան դաշտերում ոստիկանի դեմ պայթուցիկ օգտագործելու համար։

Նշենք, որ շաբաթ օրը տեղի ունեցած զանգվածային ցույցին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մասնակցել է շուրջ 550 հազար մարդ։ Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ անկարգություններից հետո ավելի քան 2,5 հազար մարդ է ձերբակալվել։