Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մտահոգություն ենք հայտնում ԵՄ ներկայացուցիչների հայտարարությունների կապակցությամբ»․ Վրաստանի ԱԳՆ

«Մտահոգություն ենք հայտնում ԵՄ ներկայացուցիչների հայտարարությունների կապակցությամբ»․ Վրաստանի ԱԳՆ
67
Այսօր, 17:13

Վրաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Եվրոմիության ներկայացուցիչների վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերում են Վրաստանի Սահմանադրական դատարանում ընթացող դատական գործընթացին։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ նախարարությունը կարծում է, որ մինչև գործի ըստ էության քննության մեկնարկը դատական գործընթացի օրինականությունը կասկածի տակ դնելը և դրա վերաբերյալ նախնական գնահատականներ հնչեցնելը սահմանադրական ինստիտուտի վրա ոչ պատշաճ ճնշում գործադրելու և Վրաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է։ Միևնույն ժամանակ, օրենքի գերակայության սկզբունքի պահպանումը պահանջում է դատարանին հնարավորություն տալ ինքնուրույն քննել գործը՝ Վրաստանի Սահմանադրությանը և գործող օրենսդրությանը համապատասխան։

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մամուլի քարտուղար Քրիստիան Վիգանդը հայտարարել էր, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Վրաստանի Սահմանադրական դատարանում ընդդիմադիր հինգ կուսակցությունների արգելման պահանջով ներկայացված հայցին։ Նրա խոսքով՝ տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև օրենսդրական վերջին փոփոխություններն ու ընդդիմադիր կուսակցություններն արգելելու վերաբերյալ նախկին հայտարարությունները վկայում են դատական համակարգի՝ մտահոգիչ նպատակներով օգտագործման մասին և վտանգում են հիմնարար ազատությունները, ժողովրդավարական բազմակարծությունն ու քաղաքական արդար մրցակցությունը։