Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Գորիսի դատարանում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել

Գորիսի դատարանում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել
63
Այսօր, 10:54

Հոկտեմբերի 19-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակիցներից մեկը հարվածել է մյուսին։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Գոհար Հ-ն ասել է, որ ժամը 13։05-ից մինչև 13։25-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, երբ ավարտվել է որդուն ինքնասպանության հասցնելու գործով դատական նիստը, մեղադրյալներից 26-ամյա Ռուբեն Ս-ի ծնողները՝ Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Գուրգեն Ս-ն և 52-ամյա Գոհար Ա-ն, ներս են մտել դահլիճ և սկսել վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ հնչեցնել իր և ամուսնու՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Սերոժ Դ-ի, ինչպես նաև մեղադրող դատախազի հասցեին։ Կինը ոստիկաններին հայտնել է, որ դրանից հետո Գուրգեն Ս-ն մոտեցել է իր ամուսնուն, իսկ նրա կինը՝ իրեն, և սկսել են քաշքշել։ Գուրգեն Ս-ն հարվածներ է հասցրել ամուսնուն, որին միջամտել է ամուսնու հայրը՝ Սյունիքի մարզի բնակիչ 71-ամյա Աղասի Դ-ն՝ փորձելով մի կողմ տանել Գուրգեն Ս-ին։ Այդ ժամանակ վերջինս հարվածել է Աղասի Դ-ի աջ ուսահոդին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դրանից հետո Աղասի Դ-ն շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ Գոհար Հ-ն ստացել է քերծվածքի տեսքով վնասվածք։ Ամբողջ քաշքշուկի ընթացքում միջամտել են դատարանի կարգադրիչները, սակայն միջադեպի մասնակիցները չեն ենթարկվել նրանց պահանջներին։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։