Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է նրանցից մեկի մահվամբ, ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է նրանցից մեկի մահվամբ, ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց
80
Այսօր, 20:18

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Նիզամի փողոցի տներից մեկում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ փողոցի տներից մեկի բնակիչ 71-ամյա Անդրանիկ Ա.-ի և իր հարևան 38-ամյա Զավեն Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ, ըստ արդեն դեպքի վայրում Անդրանիկ Ա.-ի հայտնածի, Զավեն Ա․-ն հարձակվել է իրենց տան վրա և հարվածել որդուն։ Անդրանիկ Ա․-ն նաև ոստիկաններին հայտնել է, որ Զավեն Ա․-ն կոտրել է իրենց տան երկաթյա դարպասները, մտել ներս, հայհոյանքներ հնչեցրել, իր, 48-ամյա որդու՝ Արման Ա․-ի հասցեին, որի ժամանակ Անդրանիկ Ա.-ն և Արման Ա.-ի կինը՝ 45-ամյա Թեհմինե Հ.-ն, տանից դուրս գալով, տեսել են, թե ինչպես է Զավեն Ա.-ն հարվածներ հասցնում իրենց ազգակիցներից մեկի գլխին, ինչից հետո սկսվել է քաշքշուկ․ տեղում Թեհմինե Ա․-ի ինքնազգացողությունը վատացել է․․․ Ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքին ականատես եղած մի քանի անձանց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երբ համայնքային ոստիկանները փորձել են կարգի հրավիրել Զավեն Ա.-ին, նա հարվածներ է հասցրել նաև համայնքային ոստիկան Գուրգեն Մ.-ին, համայնքային մեկ այլ ոստիկանի և ոստիկանության Բազումի բաժնի հերթապահ ծառայության վարորդին։ Զավեն Ա.-ի՝ ոտքով հարվածներ հասցնելու պատճառով համայնքային ոստիկաններից մեկը աչք-ունքային հատվածում ստացել է վնասվածք․․․ Զավեն Ա.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար ահազանգ են տվել «Վանաձոր» բժշկական կենտրոն, ու մինչ կժամաներ շտապօգնության խումբը, Զավեն Ա.-ն մահացել է։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չեն հայտնում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զավեն Ա.-ն հաշվառված է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում։