Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել

5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
79
Այսօր, 12:12

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի 2-րդ շենքի հարկերից մեկից երեխա է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև ոստիկանների ժամանումը շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված հասցեից մահացած վիճակում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխել տղա երեխայի։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր ու ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան, ով 5-ամյա տղա է, նշված շենքի 3-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են․ «Ձայն լսեցինք ու հետո երեխային հայտնաբերեցինք գետնին ընկած։ Այդ պահին նշված վայրով մի կին էր անցնում, ով, հետո պարզեցինք, որ շտապօգնության բժշկուհիներից է, և նա առաջին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել։ 3-րդ հարկի պատուհանից է ընկել երեխան։ Տանը եղել է միայն տատիկը, նրան խնամում էին տատիկը, պապիկը և քեռին։ Երեխան հայր չունի, մայրն էլ նախորդ տարի է մահացել»։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։