Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել

Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել
96
Այսօր, 17:13

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի, նրա կնոջ՝ Ջիլի և որդու՝ Հանթերի վրա Իռլանդիա կատարած այցի ընթացքում կաթի տուփեր և այլ առարկաներ են նետել։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Դուբլինի Թրինիթի քոլեջ կատարած այցի ժամանակ։ Բայդենը ժամանել էր մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու համար, որի ընթացքում նրա որդուն՝ Հանթերին, քոլեջի պատմական ընկերության կողմից հանրային քննարկումներում ունեցած ներդրման համար ոսկե մեդալ էր հանձնվել։

Պաղեստինամետ ցուցարարները հավաքվել էին ուսումնական հաստատության շենքի մոտ և սկսել կաթի տուփեր ու այլ առարկաներ նետել ԱՄՆ նախկին նախագահի ու նրա հարազատների ուղղությամբ, երբ նրանք շարժվում էին դեպի ավտոշարասյունը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ բողոքի ակցիայի ընթացքում հնչել են «Ձեր ձեռքերը արյունոտ են», «Ամոթ ձեզ» և «Ցեղասպան Ջո» կարգախոսները։

ԱՄՆ նախկին նախագահը նախկինում բազմիցս քննադատության է ենթարկվել Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև Գազայի առողջապահության նախարարության ներկայացրած զոհերի թվերի արժանահավատությանը չվստահելու համար։