Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Մոսկվան և Կիևը` Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին

Մոսկվան և Կիևը` Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
75
Այսօր, 20:19

«Մեր թիմը զեկուցել է Աբու Դաբիում ամերիկյան և ռուսական կողմերի հետ կայացած հանդիպումների, ինչպես նաև Էմիրություններում ներկա գտնվող եվրոպացի գործընկերների հետ համակարգման արդյունքների մասին»,- Telegram-ում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի պես նա նույնպես կարևոր է համարել ռազմագերիների նոր փոխանակման նախապատրաստման վերաբերյալ պայմանավորվածությունը։
«Երկրորդ՝ կողմերը քննարկել են անվտանգության ապահովման վերաբերյալ տեսակետները, և անհրաժեշտ է, որ առաջին քայլը լինի այս պատերազմի ավարտն ու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Երրորդ՝ քննարկվել են եվրոպացիների մասնակցությամբ հետագա աշխատանքի ավելի լայն ձևաչափերը»,- շարունակել է Զելենսկին։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Աբու Դաբիում բանակցությունների ավարտից հետո հայտարարել է, որ կենտրոնական թեման եղել է Եվրոպայում «անվտանգության ճարտարապետությունը»։ Նրա խոսքով՝ կողմերը «փոխանակվել են դիրքորոշումներով», «ինչ-որ տեղ փոխըմբռնում են գտել, ինչ-որ տեղ՝ ոչ»։ Զելենսկին դեռ նախօրեին պնդում էր, որ նախ պետք է «կանգնեցնել պատերազմը», երկրորդ փուլում՝ քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, իսկ երրորդում՝ երկխոսություն սկսել «Եվրոպայում և աշխարհում անվտանգության մասին»։
«Ամերիկացի ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան, և այդ զրույցից հետո մենք կրկին կհամակարգենք դիրքորոշումները և կորոշենք, թե ինչ հետագա քայլեր են հնարավոր։ Նրանց հետ կհանդիպենք վաղը Դուբլինում»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը։ ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Ջարեդ Քուշները, ազդարարելով Մոսկվա կատարելիք այցից հետո Իռլանդիայի մայրաքաղաքում Զելենսկու հետ կայանալիք հանդիպման մասին, չի հստակեցրել ամսաթիվը։
«Ուկրաինական առաջնահերթությունը պատերազմի շուտափույթ ավարտն է՝ արժանապատիվ խաղաղությամբ։ Մենք կարծում ենք, որ Եվրոպան պետք է ներկայացված լինի իրական դիվանագիտության բոլոր փուլերում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակման որևէ հնարավորություն չի նկատվում, «Վեստի» լրատվական ծառայությանը հայտարարել է Վլադիմիր Մեդինսկին։ «Տարածքների հնարավոր փոխանակման թեման պարբերաբար շրջանառության մեջ է դրվում տարբեր կողմերից»,- ասել է նա։
Մեդինսկին դեմ է խաղաղ կարգավորմանը Եվրոպայի մասնակցությանը։ «Թող շփվեն հյուրանոցի լոբբի-բարում»,- հայտարարել է նա։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա, հավանաբար, առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվության վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը, որը մասնակցել է Աբու Դաբիի բանակցություններին։
«[Փոխանակումը տեղի կունենա] առաջիկա, գուցե, երկու-երեք շաբաթվա ընթացքում, ինչպես ինձ է թվում՝ փոխանակման ընթացակարգին վերաբերող բոլոր հարցերի համաձայնեցումից հետո»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։