Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան Դուբլինում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, որը նախատեսում է համագործակցության խորացում պաշտպանության և անվտանգության, առևտրի, ներդրումների, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Փաստաթուղթը հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակած հռչակագրի տեքստի՝ կողմերը մտադիր են ընդլայնել փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում՝ ներառյալ զինվորական կադրերի պատրաստումը, զինված ուժերի փոխգործունակության զարգացումը և պաշտպանական ձեռնարկությունների համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը։ Փաստաթուղթը նաև նախատեսում է կապերի ամրապնդում իրավապահ գործունեության, սահմանային վերահսկողության և դատաիրավական համագործակցության ոլորտներում։
Առանձին ուշադրություն է հատկացվել տնտեսությանն ու ներդրումներին։ Բաքուն և Լոնդոնը մտադիր են զարգացնել համագործակցությունը թվայնացման, արհեստական բանականության, նոր տեխնոլոգիաների և կյանքի մասին գիտությունների ոլորտներում, ինչպես նաև աջակցել համալսարանների, գիտահետազոտական հաստատությունների և բիզնեսի համատեղ նախագծերին։ Հայտարարված առաջնահերթությունների թվում են փորձի փոխանակումը, մասնագիտական հմտությունների զարգացումը և երկու երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնումը։
Հռչակագրում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մեծ Բրիտանիան վերահաստատել է իր աջակցությունը երկկողմ երկխոսության միջոցով կայուն խաղաղության հասնելու՝ երկու երկրների ջանքերին և ողջունել 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրից հետո կարգավորման ուղղությամբ ձեռնարկված հետագա քայլերը։ Փաստաթուղթը հաստատում է կողմերի հավատարմությունը միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին։
Պայմանավորվածությունների կատարման վերահսկման նպատակով կողմերը մտադիր են ռազմավարական գործընկերության շրջանակում անցկացնել ամենամյա հանդիպումներ, որոնց ընթացքում կգնահատեն արձանագրված առաջընթացը և կսահմանեն հետագա առաջնահերթությունները։ Նախատեսված միջոցառումների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և կկատարվի երկու երկրների օրենսդրությանը համապատասխան։
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, կողմերը համաձայնեցրել էին փաստաթղթի տեքստը և հայտարարել ռազմավարական գործընկերությունը գործնական բովանդակությամբ լցնելու մտադրության մասին։ Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի առևտրի հարցերով նախարար Անաս Սարվարը նաև հայտնել էր տրանսպորտային և թվային ենթակառուցվածքների վերաբերյալ ճանապարհային քարտեզի ստորագրման մասին։

«Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է». Վարդան Ոսկանյան
3800:30
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան Դուբլինում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
9200:07
«TRIPP անվան մեջ ընդամենը թուրքական ճեղքի գաղափարն է՝ T (turkish) RIPP (ճեղք)». Նաիրի Հոխիկյան
58Երեկ, 23:36
«Խոհեմ քայլ կլինի, եթե Ձեր լիազորությունները վայր դնեք». Տիգրան Դավուդյան
80Երեկ, 22:48
«1 շաբաթ չանցած՝ ընդդիմադիր հերթական համախմբումը սկսել է քայքայվել». Սամվել Աշոտյան
85Երեկ, 22:42
«Դեռ իշխանության եք՝ այս վերաբերմունքին եք արժանանում, պատկերացրեք՝ դրանից հետո ինչ է լինելու». Մարիամ Աբրահամյան
99Երեկ, 21:36
Արտամուսնական սիրավեպերի շուրջ ծագած սկանդալներից հետո Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է ներկայացրել
204Երեկ, 20:55
«Եվրոպացիները գզվռտվում են, ինչպես սարդերը բանկայի մեջ». Պեսկով
151Երեկ, 20:13