Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Եթե Պուտինը ցանկանում է խոսել տարածքների մասին, թող ինձ հետ խոսի»․ Զելենսկի

«Եթե Պուտինը ցանկանում է խոսել տարածքների մասին, թող ինձ հետ խոսի»․ Զելենսկի
47
Այսօր, 12:37

«Կամավորների կոալիցիայի» նիստի արդյունքներով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի կողմից հնարավոր փոխզիջումների հարցը։

«Գիտեք, ես միշտ ասել եմ՝ եթե մենք ցանկանայինք մեր հողերը հանձնել ագրեսորին, կարող էինք դա անել դեռևս 2022 թվականին։ Սակայն մենք ապացուցել ենք, որ մեր երկիրը վճռականորեն պատրաստ է պաշտպանելու իր տները, հողը, ընտանիքները և, որ ամենակարևորն է, իր անկախությունն ու ազատությունը։ Մենք դա բազմիցս ցույց ենք տվել պատերազմի բոլոր տարիների ընթացքում և հավատարիմ ենք մնում այդ սկզբունքներին։ Այո՛, դժվար է լինելու, շատ դժվար։ Հնարավոր է՝ սա լինի ամենաբարդ ձմեռը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ տարածքների հարցը չի կարելի դիտարկել որպես խաղաղության համաձայնագրի զուտ տեխնիկական բաղադրիչ։ Ուկրաինացիների համար դա ինքնիշխանության, անվտանգության և պետության ապագայի հարց է, իսկ ցանկացած փոխզիջում պետք է հաշվի առնի ուկրաինացի ժողովրդի դիրքորոշումը։

«Հնարավոր է՝ գա հարմար պահը, երբ մենք կմոտենանք խաղաղությանը և կհասնենք դրան։ Միայն Աստված գիտի։ Մենք հստակ չգիտենք։ Մենք պարզապես ամեն օր քայլեր ենք ձեռնարկում, փորձում ենք դիմակայել։ Հենց այդ պատճառով էլ փոխզիջումների մասին խոսակցությունները մեզ համար շատ ցավոտ են։ Եթե որևէ մեկը ցանկանում է խոսել տարածքների կամ նմանատիպ հարցերի մասին, ես միշտ ասել եմ՝ խնդրեմ։ Եթե Պուտինը ցանկանում է խոսել տարածքների մասին, թող խոսի ինձ հետ։ Չե՞ս ցանկանում խոսել ինձ հետ։ Դե ինչ, ուրեմն, հավանաբար, այդ հարցն այնքան էլ կարևոր չէ քեզ համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։