Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախում վերահաստատել են բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախում վերահաստատել են բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը
296
Շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ., 17:20

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարեւորելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր հարթություններում: